
«Կառավարության ծրագրից չի երևում, որ տեխնոլոգիական ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում». Կարեն Վարդանյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի համոզմամբ՝ կառավարության ներկայացրած ծրագրից չի երևում, որ տեխնոլոգիական ոլորտում լուրջ փոփոխություններ են սպասվում:
Նա նշեց, որ կառավարության ծրագրի հրապարակումից առաջ իրենք մշակել և համապատասխան նախարարություն ու կառավարություն են ներկայացրել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի 5 տարվա ռազմավարությունը, բայց ծրագրի մեջ դրա արտացոլումը չկա:
Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ կային քաղաքական պատճառներ, որ ծրագիրը համապարփակ չլիներ:
«Եթե մենք ուզում ենք՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներում այս կամ այն ծրագիրն իրականացնենք, ապա մենք պետք է նշենք կամ իրականացնենք գործողություններ, որոնք կոնկրետ այդ ոլորտում իրականացնում են կոնսոլիդացիա: Կարծում եմ, որ ցանկացած կառավարության ծրագիր պետք է հիմնված լինի նրա վրա, թե ի՞նչ կոնսոլիդացնող գործողություններ է կառավարությունն իրականացնում հանրության տարբեր շերտերում, որ կարողանա գտնել համագործակիցներ, ապահովի ծրագրի առանձին կետերը»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Նրա համոզմամբ՝ կառավարության ծրագրի հիմնական բացը հենց կոսոլիդացիայի և նրա մեխանիզմների լրիվ բացակայությունն է: Խոսելով իրենց մշակած ծրագրի մասին, նա առանձնացրեց մի քանի ուղղություն, որոնցից առաջինը կրթությունն է: Սա ևս, ըստ նրա՝ ունի մի քանի ճյուղավորումներ.
Առաջինը՝ դպրոցի մակարդակի իջնելն է, այսինքն՝ 9-10 տարեկանից սկսել ինժեներական կրթություն տալ՝ սովորեցնելով ոչ միայն ծրագրավորում, այլ նաև եռաչափ մոդելավորում, նյութերի հետ աշխատել: Նպատակն այն է, որ մինչև 2019 թվականը բոլոր դպրոցներում այդ ինժեներական խմբակները լինեն:
Երկրորդն իրական դպրոցն է՝ նախատեսված 15-18 տարեկան երեխաների համար: Այստեղ երիտասարդները կարող են և՛ սովորել, և՛ աշխատել:
Երրորդը գիտության բացակայությունն է, որը գալիս է մասնագետների դեֆիցիտից: Տաղանդավոր երեխան առաջին իսկ կուրսից առաջարկություն է ստանում ու գնում է աշխատանքի: Սրա նպատակն է, որ այդ տաղանդավոր երեխային իրենք ֆինանսավորեն, որ մնա համալսարանում ու զբաղվի գիտահետազոտական աշխատանքներով:
Ընդհանուր ռազմավարության հաջորդ ուղղությունը, Կ. Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանի բրենդի ձևավորումն է: Այսինքն՝ «ինչո՞ւ Հայաստան» հարցի պատասխանը: «Մենք պետք է աշխարհում հստակ դիրքավորվենք»,- ասում է նա:
Բանախոսի նշած երրորդ ուղղությունը կոչվում է «պետությունը՝ որպես պատվիրատու»:
Հաջորդ ուղղությունը ռազմաարդյունաբերությունն է, որը կարևորվեց հատկապես ապրիլյան դեպքերից հետո: Իսկ վերջին ուղղությունը, սրը նա առանձնացրեց՝ կոնսոլիդացիայի խնդիրն է:
Կարեն Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ կամ այս, կամ մյուս տարվանից «ԱրՄաթի» առնվազն 20 լաբորատորիաներում կտեղադրեն արդեն անօդաչու թռչող սարքերի նախագծման կառավարման հատվածը: Երեխաները, բացի ծրագրավորումից, ռոբոտաշինությունից, եռաչափ մոդելավորումից, կունենան նաև անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա, որն իրենց մոտ ուսուցում ստացած երիտասարդներին թույլ կտա բանակում օգնել նման սարքեր կառավարելու գործընթացին, ինչն էլ կօգնի բանակի մարտունակությանը:
Անի Թորոսյան