Բաժիններ՝

«Նախատեսվում է, որ մինչև տարվա վերջ ապահովագրված արտահանումը կգերազանցի 4-4.5 մլրդ դրամը». Վազգեն Աբգարյան

ՀՀ կառավարությունն իր գործունեության ծրագրով արտահանման ապահովագրական ոլորտի բարեփոխումների և հիմնախնդիրների լուծման համատեքստում մինչև 2018 թվականը նախատեսում է ապահովագրված գործարքների կրկնակի աճ: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի համոզմամբ՝ ամեն ինչ անելու են, որ աճը շատ ավելին լինի: Ու եթե երկրաչափական պրոգրեսիայով աճը շարունակվի, ապա երկու անգամից հաստատ ավելի շատ կլինի:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը» հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ և հանդիսանում է 100%-անոց պետական մասնակցությամբ կազմակերպություն, որը գրանցված և լիցենզավորված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ որպես ապահովագրական ընկերություն: Փաստացի գործունեությունը սկսել է 2015 թվականից, քանի որ որոշակի ժամանակահատված էր անհրաժեշտ՝ վերլուծելու խնդիրները:

Վազգեն Աբգարյանի խոսքով՝ այս տարվանից սկսած էապես կատարելագործվել է արտահանման ապահովագրության և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության գործիքակազմը, ավելացվել է այնպիսի հնարավորություն, որ մատակարարումը կատարվի արտահանողի հետ փոխկապակցված գործընկերների միջոցով: Ինչպես նաև էապես պարզեցվել է դիմելու ընթացակարգը, ավելացել է համագործակցող բանկերի շարքը. այս պահին կազմակերպությունը համագործակցում է ՀՀ 8 խոշորագույն բանկերի հետ:

Եթե գնորդը սահմանված ժամկետում չի կատարում վճարումը՝ քաղաքական կամ առևտրային պատճառներով, ապա կազմակերպությունը փոխհատուցում է արտահանողի կրած վնասի մինչև 95 %-ը: «Երբ ապահովագրում ենք չվճարման ռիսկերը, այստեղ ՀՀ-ում գործող արևտրային բանկերն են հանդես գալիս՝ որպես վարկատու կազմակերպություն, և բանկերը պատրաստակամություն են հայտնում արտահանողին տրամադրել ֆինանսավորում»,- նշեց Վազգեն Աբգարյանը:

Վազգեն Աբգարյանի փոխանցմամբ՝ ներկայումս ընկերությունը մատուցում է երկու ծառայություն. առաջինն արտահանողի ապահովագրությունն է օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկերից, երկրորդն արտահանողների համար հասանելիությունն է ապահովում դեպի անգրավ, պարզեցված ընթացակարգերով և առավել մատչելի պայմաններով ֆինանսական ռեսուրսների:

«Մենք մշակեցինք նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն, երբ արտահանողն ունի կնքված արտահանման պայմանագիր, կամ բանակցությունների փուլում գտնվող պայմանագիր ընդունելի գնորդի հետ, բայց չունի բավարար ֆինանսական միջոցներ, որ ապրանքն արտադրի, ապա այս դեպքում բանկը կարող է արտահանողին տրամադրել մինչև 95 % չափի վարկավորում: Իսկ մենք ապահովագրում ենք բանկի վարկի չվճարումը»,- ասաց բանախոսը:

Վազգեն Աբգարյանի կարծիքով՝ շատ կարևոր են նաև սակագները, որոնք կազմակերպությունը մշակել է այն սկզբունքով, որ բեռ չդառնան արտահանողի համար:

Բանախոսն արձանագրեց, որ 2015-2016թվականների հետ համեմատած՝ հիմա կա քառակի աճ. 2016թվականի ապահովագրված արտահանումը կազմել է 2.2 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի հունվարից մինչև հունիսի վերջն արտահանումը կազմել է 1.8 մլրդ դրամ: Ինչպես նաև նա նշեց, որ նախատեսում են, որ մինչև տարվա վերջ ապահովագրված արտահանումը կգերազանցի 4-4.5 մլրդ դրամը:

 Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս