Ես շատ եմ փոխվել
Կառավարությունը ծրագիր է ներկայացրել: Անսպասելի չէր: Ավելին, դա մեր կառավարության բարի կամքի դրսևորման արդյունք չէ, այլ գործող Սահմանադրության պահանջ:
Այդ փաստաթղթի 89-րդ հոդվածի 1-ին կետն արձանագրում է, որ կառավարությունը «Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով ԱԺ հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը»: Իսկ վերոհիշյալ 74-րդ հոդված բաց տեքստով կառավարությանը հրահանգում է՝ «իր կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում ԱԺ ներկայացնել իր ծրագիրը»:
Այնպես որ, կառավարության նոր ծրագրի հայտնությունն ինքնին արտառոց երևույթ չէր: Բայց բոլորն իրար են անցել:
Իշխանամետ ու ընդդիմադիր գործիչներն ու փորձագետները վերլուծում են կառավարության ծրագիրը: Մեկը հաշվում է, թե այդ փաստաթղթում քանի թիվ կա: Մյուսին հետաքրքիր է, թե քանի անգամ է օգտագործվել «պետք է» և «անհրաժեշտ է» արտահայտությունները: Իսկ մեկ այլ վերլուծողի հետաքրքրում էր, թե կառավարության ծրագրում ինչու է բացակայում «արտադրություն» բաժինը: Ու այսպես շարունակ: Իշխանամետները, բնականաբար, կառավարության ծրագրի փառքն են գովերգում:
Ընդիմադիրները, բնականաբար, ծրագրում փառաշուք ոչինչ չեն տեսնում: Այլ կերպ ասած՝ «Մի կաթիլ մեղրի» նորօրյա պատմություն: Կրքաշատ պատմություն, որ բացարձակ անհասկանալի է: Կարելի է կարծել, թե մեզանում սա առաջին կառավարությունն է, որ ծրագիր է ներկայացնում:
Բայց իրականում բոլորս էլ գիտենք, որ նախկինում էլ կառավարությունները մի քանի տասնյակ էջ մրոտում ու ԱԺ հավանությանն էին ներկայացնում: Դրանք բոլորն էլ բարեխղճորեն հաստատվում էին ու նույնքան բարեխղճորեն մոռացվում: Մոռացվում թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի, թե իշխանամետ, թե՛ ընդդիմադիր ուժերի ու լրատվամիջոցների կողմից: Որովհետև մեր օրենսդրությունն ինքն է բավական լուրջ վերապահությամբ մոտենում «Կառավարության գործունեության ծրագիր կոչվածին»:
Դուք, իհարկե, կարող եք հակադարձել՝ ասելով, որ Սահմանադրության նույն 89-րդ հոդվածը գործունեության ծրագիր ներկայացնելը համարում է առաջին պահանջ: Նույն հոդվածի միայն երկրորդ կետով է կառավարությանը պարտավորեցվում պետբյուջեի նախագիծ ներկայացնել ԱԺ-ին: Բայց եկեք դիտարկենք, թե մեր հիմնական օրենքը որքան ժամանակ է հատկացնում կառավարության ծրագիր ներկայացնելուն, և որքան՝ բյուջեի նախագծին: Կառավարությանը ծրագիր գրելու համար օրենքը հատկացնում է 20 օր: Իսկ բյուջեի նախագիծը կառավարությունն ԱԺ պարտավոր է ներկայացնել «բյուջետային տարին սկսվելուց առնվազն 90 օր առաջ»:
Ավելին, կառավարությունը «կարող է պահանջել, որ այն (բյուջեի նախագիծը) իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը»: Այսինքն՝ կառավարության կազմած բյուջեի նախագիծը քննարկելու համար օրենսդիր մարմնին տրվում է 90 օր ժամանակ: Օրենքը նաև պարտադրում է բյուջեի նախագիծը քվեարկության դնել այդ 90-օրյա ժամկետի ավարտից առաջ: Մինչդեռ տեսնեք, թե Սահմանադրությունը որքան ժամանակ է հատկացնում խորհրդարանին՝ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու կամ մերժելու համար:
Սահմանադրության 74-րդ հոդվածով մեր խորհրդարանը պարտավոր է ծրագրին հավանություն տալու հարցը քննարկել «արտահերթ՝ հնգօրյա ժամկետում»:
Այսինքն՝ ծրագրի քննության համար տրվում է ընդամենը հինգ օր՝ բյուջետային քննարկման 90 օրվա դիմաց: Այլ կերպ ասած՝ ազգընտիր Սահմանադրության հայր-հեղինակներն ի սկզբանե հասկացել են, որ երկրի մեկ տարվա բյուջեն շատ ավելի կարևոր փաստաթուղթ է, քան ինչ-որ իմաստով՝ էկլեկտիկ, ինչ-որ իմաստով՝ մտադրությունների հայտարարագիր գործունեության ծրագիրը:
Ի վերջո, նույնիսկ, եթե բյուջեի նախագիծը հավանության չի արժանանում, և կառավարությունը հրաժարական է ներկայացնում, նոր ձևավորված կառավարության ներկայացրած բյուջեի նախագծի քննարկման համար Սահմանադրությամբ ԱԺ-ին 30 օր ժամանակ է տրվում: Այսինքն՝ նույնիսկ արտակարգ իրավիճակում, անգամ բյուջետային քննարկման համար հատկացված ժամանակը վեց անգամ ավելի է կառավարության ծրագրի համար նախատեսվածից:
Փաստորեն, գործող Սահմանադրությունը բոլոր իմաստներով գործունեության ծրագիրը համարում է պակաս կարևոր, քան պետական բյուջեի նախագիծը: Զուտ այս տեսանկյունից հասկանալի չէ այն բանավեճային խառնաշփոթը, որ ստեղծվել է կառավարության ներկայացրած փաստաթղթի շուրջ:
Ի վերջո, այն մեր իրական կյանքում երբեք լուրջ վերաբերմունքի չի արժանացել:
Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ այդ քննարկումներին իրենց հենքում բոլորովին այլ, հավանաբար՝ քաղաքական բացատրություններ ունեն: Հավանաբար նման իրավիճակներում էր Օսկար Ուայլդն ասում՝ «Ներեցեք, որ չճանաչեցի, ես շատ եմ փոխվել»: Այլ հիմնավորում չեմ գտնում:
«168 Ժամ» թերթ