
Ռիչարդ Միլսն ասել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն 8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիրը կիրականացնի ՀՀ-ում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում և ամերիկյան ընկերությունների, ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ:
Նրա խոսքով՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ խոսել է երկու ներդրումային ծրագրերի շուրջ, որոնցից մեկը վերաբերում է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը:
«Մենք այդ առաջարկներն այժմ ներկայացնում ենք ամերիկյան ներդրողների ուշադրությանը»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրին, դեսպան Միլսն ասաց, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի, և հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան: «Դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների առկայության դեպքում»,- ասաց նա: