«ԵԱՀԿ-ն չպետք է գործիք դառնա Երևանի և Բաքվի հակամարտության մեջ»

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակն իր գործունեությունը կդադարեցնի 2017թ. օգոստոսի 31-ին: Այն հիմնադրվել էր 2000 թվականին՝ օգնելու համար Հայաստանին զարգացնել ժողովրդավարական հաստատությունները և ամրապնդել քաղաքացիական հասարակությունը: Գրասենյակի փակումը կանխելու նպատակով ամիսներ շարունակ ծավալուն բանակցություններ են տեղի ունեցել 2016-ին Գերմանիայի և 2017-ին Ավստրիայի նախագահությամբ։ Սակայն, Բաքվի ջանքերով, գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել:

«Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրներում ԵԱՀԿ-ի նշանակալից ներկայությանը: Երևանում ԵԱՀԿ գրասենյակը կարևոր դեր ունի իրեն հյուրընկալող երկրի` Հայաստանի կարիքները բավարարելու տեսանկյունից: Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երևանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ, իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձևակերպումներում, և հյուրընկալ երկիրն ընդունել է այդ լուծումը: Այն, որ դա ևս արդյունք չի տվել, հիասթափեցնող է:

Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձևակերպումների խնդիրը չպետք է Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա: Մենք կոչ ենք անում կողմերին՝ հավելյալ կամք դրսևորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»,- այս ամսվա սկզբին հայտարարել էր Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Երևանում ԵԱՀԿ առաքելության փակման շուրջ զրուցել ենք Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուիի հետ։

– Պարոն Դյուպուի, Բաքվի պահանջով Երևանում փակվում է ԵԱՀԿ գրասենյակը, քանի որ այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Ավելի վաղ՝ 2014 թ.-ին, փակվել էր Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը՝ Արևմուտքի և Ադրբեջանի միջև ծագած խնդիրների պատճառով՝ կապված այդ երկրում ժողովրդավարական վիճակի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը, ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ։

– Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, իհարկե, վատ նորություն է բոլորի համար։ 2009 թ.-ին՝ Թբիլիսիում, և 2014-ին՝ Բաքվում գրասենյակների փակումից հետո, Հայաստանում 17 տարի գործունեությունից հետո, երևանյան այս գրասենյակը ԵԱՀԿ-ի միակ ներկայացուցչությունն է Հարավային Կովկասում։ Այդ իսկ պատճառով, քանի որ անթույլատրելի է երևանյան գրասենյակի փակումը, անհրաժեշտ է անհապաղ գտնել Եվրասիական կազմակերպության վրա հիմնված կոնսենսուսային համաձայնություն՝ Վիեննայի մանդատն ընդլայնելու համար։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ կենսական կարևոր հարցում։

Օրեր առաջ նա դիմել է ԵԱՀԿ-ում այժմ նախագահող Ավստրիային և լիակատար աջակցություն հայտնել, որպեսզի գտնեն այնպիսի որոշումներ, որոնք ընդունելի կլինեն յուրաքանչյուր կողմի համար։ Առաջին և ամենակարևոր խնդիրն այն է, որ ԵԱՀԿ-ն չպետք է գործիք դառնա Երևանի և Բաքվի հակամարտության մեջ, այլ, ընդհակառակը, լինի միջնորդ, հաշտեցնող և խորհրդատու վստահության ամրապնդման, երկարատև խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, որից կշահեն նաև հարևան երկրները՝ Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան:

– Հայաստանում տեսակետ կա, որ նման քայլի Ադրբեջանին կարող էր դրդել Ռուսաստանը, որն ընդհանրապես դժգոհ է թե՛ Մինսկի խմբի, թե՛ ամբողջ կազմակերպության աշխատանքից, թեև հենց ինքը Մինսկի խմբի անդամ է։ Դուք համամի՞տ եք այս տեսակետին։

– Ես ցանկանում եմ ընդգծել, որ Մոսկվան առաջ է մղում եվրասիական համագործակցության իր սեփական պատկերացումներն ու դիրքորոշումները, և, որ ԵԱՀԿ-ն այդտեղ էական դերակատար չէ։ Շուրջ 1 ամիս առաջ՝ ապրիլի 28-ին, Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է, այսինքն՝ նաև Մոսկվայի կամքն է, որ Եվրասիական տնտեսական միությունը զարգացնի կապերը Եվրոպական տնտեսական համագործակցության հետ, որպեսզի ավելի շահավետ պայմաններ ստեղծվեն թե՛ երկկողմ, թե՛ ԵԱՏՄ անդամ 5 պետությունների մասնակցությամբ բազմակողմ ուղղություններով։

Ռուսաստանն այդպիսով փորձում է խորացնել ինտեգրացիան դիտորդ պետությունների հետ, մասնավորապես՝ Մոլդովայի և Տաջիկստանի, որպեսզի տարածքային վեճերի լուծման ավելի ընդգրկուն տեսլական ունենա…

Ընդհանրապես, Մոսկվան ցանկանում է առաջ մղել Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների եռակողմ ֆորմատը, ինչպես եղավ Սանկտ Պետերբուրգում, երբ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Վլադիմիր Պուտինի ուղղակի հովանու ներքո, որը հաստատում է այդ նոր դիվանագիտական ռազմավարությունը։

– Ադրբեջանը խոչընդոտում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը նաև այն պատճառով, որ չի ցանկանում կատարել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հետ կապված, և այդ հարցում Ռուսաստանը ստվերային կերպով ազդում է Ադրբեջանի վրա։ Ու թեև Ռուսաստանն այդ մասին չի բարձրաձայնում, բայց Սանկտ Պետերբուրգում այդ հարցը բանակցությունների օրակարգից դուրս էր թողնվել։ Ինչո՞ւ է Ռուսաստանը դեմ այդ մեխանիզմների ներդրմանը։

– Ես պետք է հիշեցնեմ, որ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցն ամբողջությամբ փակված չէ։ Ըստ էության՝ մինչև հիմա ուժի մեջ է, որ երկու կողմերը՝ Երևանը և Բաքուն, պետք է ընդունեն շփման գծում դիտորդության և հետաքննության հետ կապված ընդհանուր ընթացակարգեր։ Բաքուն առաջարկել է օդային վերահսկողություն իրականացնել տարածքում (Սեյսուլանի և Մարտակերտի շրջաններից արևմուտք)։

Քանի որ ակնհայտ է, որ ԵԱՀԿ այդ մեխանիզմները, կարծես, էական չեն, կամ այնքան էլ ընդունված չեն, ապա տրամաբանական լուծումը կլինի՝ իրավիճակին անդրադառնալ այլ հիմունքներով։ Այսինքն՝ կարող է ընդունելի լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակն օգտագործելու գաղափարը՝ հակամարտության լուծման և ավելի երկարատև կայունության հաստատման համար։ Սակայն դրա իրականացման համար պետք է, որ Բաքուն անդամակցի ՀԱՊԿ-ին։ Հուսանք, որ դրա լուծումը մոտ ապագայում կգտնվի։

– Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փակումը շատ ավելի մեծ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին: Ի՞նչ եք կարծում այդ մասին։ Հայաստանում և Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի ներկայությունը պահպանելու որևէ տարբերակ տեսնո՞ւմ եք:

– Ինչպես արդեն նշեցի, ԵՄ-ի մայիսի 4-ի հայտարարության մեջ 2 կազմակերպությունների՝ թե՛ ԵՄ-ի, և թե՛ ԵԱՀԿ-ի կողմից շատ հստակ հանձնառություն և կամք է արտահայտվել՝ առաքելությունը պահպանել ոչ միայն Հայաստանում, այլ ողջ Հարավային Կովկասում՝ սահմանային վեճերին, ինքնիշխանության հայտերին վերաբերող հարցերին լուծում տալու, ինչպես նաև հարավկովկասյան երկրներում ներկայություն ապահովելու և գործունեություն ծավալելու նպատակով։ Այդ երկրներն Արևելյան գործընկերության անդամներ են, իսկ այդ նախագիծը վերաբերում է նաև 3 երկրների հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) ստեղծմանը, որի շրջանակներում Բրյուսելն ու Երևանը 2013 թ. հուլիսին փաստաթուղթ ստորագրեցին։

– Մոսկվայում Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ՝ ապրիլի 26-ին Ադրբեջան հասավ ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, որը Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջև 2003 թվականին կնքված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը, ինչո՞ւ է Ռուսաստանը նպաստում Ադրբեջանի ռազմական առավելության ամրապնդմանը։

– Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը, ինչպես արդարացիորեն նշեցիք, աճում է՝ այդ մասին 2003թ.-ին 2 պետությունների կողմից համաձայնագրի կնքումից ի վեր։ Այդ «արտոնությանը» որպես հակադրություն՝ պետք է դիտարկել 2016 թ. փետրվարին Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված պաշտպանական պայմանագիրը և դնել նույն ձեր հարցի հիմքի վրա, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պրոքսի-ռազմավարության ևս մի «հենասյունն» է։

Ես պետք է ավելացնեմ, որ Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումն Իսրայելից (կամ, ըստ հայկական վարկածի՝ Թուրքիայից) այնպես, ինչպես Հայաստանում Իսկանդեր-Մ կայանքի տեղադրումը, և դրան հակազդելու համար համարժեք բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու Բաքվի ցանկությունը լուրջ բեռ է 25 տարի հակամարտող հարևան պետությունների համար, որ այլևս թշնամիներ են, խաղաղության հաստատման և դիվանագիտական ուղիներով խնդիրների լուծման առումով։

Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ հակամարտության լուծման գործում Իրանի և Թուրքիայի դերի մեծացումը, որոնք աշխարհաքաղաքական, գեոմշակութային և աշխարհատնտեսական տարածաշրջանային և գլոբալ դերակատարներ են, հնարավորություն կստեղծի նոր դիվանագիտական ուղիներ գտնել՝ կողմերի միջև քայլ առ քայլ վստահություն ստեղծելու և հակամարտության լուծումներ գտնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս