Մինչ պատերազմը Օսմանյան կայսրությունում բնակվել է 2 միլիոն հայ

aliq.ge-ն ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 14-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում, 1915 թվականի դեկտեմբեր ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1915/12/24 #176
Հայերի կյանքը
Թեհրանում հայերը վախի մթնոլորտում են ապրում: Հայերի հանդեպ վատ են տրամադրված նաև պարսիկները: Նոր Ջուլֆայում հայերին պատժում են դավաճանության համար:  Ղումում ձերբակալել են հայ հոգևորականի ու ևս մի քանի անձանց: Սուլթանաբադում կոտորել են մի քանի հայ ընտանիք: Համադանից տեղեկություն ենք ստացել, որ 40 հայ երիտասարդի պարտադրանքով բանակ են տարել:
Այս օրերին Ուրմիա է եկել մի մարդ, ով հայտարարել է, թե Խալիլ բեյը մեծ պատրաստություն է տեսնում, քանի որ սպասվում է հայերի նոր ապստամբություն, այնտեղ է ուղարկելու կանոնավոր բանակ: Սավջուկ-Բուլաղի շրջանում քրդերը նյարդայնանում են: Այստեղ հայերին փորձություն է սպասվում: Անդադար փախստականներ են գալիս Էջմիածին: Ամերիկայի հայերը պատերազմից տուժած և փախստական հայերի համար նորից գումար են հավաքել:

Պարսկաստանում

«Հորիզոն»-ի խոսքերով` Նոր Ջուլֆայում (Սպահանից մի քանի մղոն հեռավորության վրա) հայերը վտանգված են: Պարսկաստանի զինվորների համար դեռևս 500 թուման են հատկացրել: Երրորդ անգամ պահանջել են 40 հազար թուման: Պահանջել են նաև զենք և 40 զինված հայ: Նրանց տեղափոխել են բանակ` պատերազմելու Ռուսաստանի դեմ: Համադանում հայի են սպանել, ևս մեկին ՝ ձերբակալել: Ղումում ձերբակալել են հայ հոգևորականի: Սուլթանաբադում թալանել են հայերին պատկանող երկու տուն: Մելիարում ձերբակալել են երկու ռուսահպատակ հայի:

Վրաստան 1915/12/25 #177
Հայերի կյանքը

Պարսկաստանում հայերի կյանքը երբեմն վտանգվում է։ Հայկական թերթերը մինչ օրս Պարսկաստանում հայերի ձերբակալությունների և բնակչության թվաքանակի նվազման մասին տեղեկություններ են ստանում: Հայերն արդեն սկսել են փախչել Պարսկաստանից: Վանի փախստականները պարենի տեսանկյունից լավ պայմաններում են: Վանում չկա միայն շաքար և միս, միևնույն ժամանակ բավականին հաց կա: Բուլղարիայում շարունակում են հետապնդել հայերին: Ալեքսանդրիայում հայ վաճառականները տուժած եղբայրների համար գումար են հավաքել:

Ժողովրդական թերթիկ 1915/12/25 #465

«Հորիզոն» թերթին Երևանից տեղեկացնում են. «Փախստականների նահանգային կոմիտեն» հաստատել է հաջորդ տարվա առաջին եռամսյակի ծախսերը՝ 4 միլիոն: 10 հազար երեխայի համար դպրոցներ կբացվեն, հագուստ և կոշկեղեն կբաժանվի և այլն: 105 հազար մանեթ կհատկացվի փախստականներին, յուրաքանչյուրին ամսական 8 մանեթ, բնակարան, ջեռուցում և լուսավորում:
«Հորիզոնի» փոխանցմամբ՝ Վանի շրջակայքում քրդերի հետ բախումների ժամանակ զոհվել է 4 և վիրավորվել 9 հայ զինվոր:

Վրաստան 1915/12/29 #178
Հայերի կյանքը

Հայկական թերթերի փոխանցմամբ, Հալիլ Բեյը Մուշի վիլայեթում քրդերին նախապատրաստում է, որպեսզի վերջիններս սաստեն հայերի ապստամբությունը: Ուրմիայի մոտակայքում հայերը վախի մեջ են:  Մինչ պատերազմը Օսմանյան կայսրությունում բնակվել է 2 միլիոն հայ, այդ թվում՝ 200 հազարը՝ Ստամբուլում, որոնց մեծամասնությանը վտարել են քաղաքից: Աբդուլ Համիդի ժամանակ (1895 թ.) 100 հազար հայ են կոտորել, իսկ հիմա՝ 3 անգամ շատ:

Այժմ Օսմանյան կայսրությունում հայերի թիվը կրճատվել է: Հայերի մեծ մասը փախել է Կովկաս, մի փոքր մասը՝ Բուլղարիա և Ռումինիա, ինչպես նաև ապաստան են գտել ասիական նավահանգիստներում, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ: Հայերն ամենուր օգնության կարիք ունեն և հույս կա, որ հայ հասարակությունը հաշվի կառնի դա: Եզրակացնում է Վիլիմսը:

Վրաստան 1915/12/29 #178
Արտասահման
Անգլիան և հայերի ինքնավարությունը

Անգլիայում լորդ Բրայսը խոսել է հայերի ինքնավարության մասին, որի կարճ բովանդակությունը հետևյալն է. «Հայերի ինքնավարության մասին որոշումը, որին ի պատասխան օսմանցիները կոտորեցին նրանց, սարսափելի զարգացումներ է ունենում: Ամբողջ Հայաստանը հեղեղված է արյունով, շատ տեղերում բնակիչներին, առհասարակ, կոտորել են:

Հայերից ոմանք ապաստան են գտել սարերում, սակայն ո՞վ գիտի՝ որքան կդիմակայեն՝ կհաղթահարեն սովը, ծարավը և ցուրտը: Այս ամենը մեզ` դաշնակիցներիս թելադրում է, որ Օսմանյան կայսրությունը ժամանակին պետք է կործանվի և ճանապարհ բացվի այնտեղ, որտեղից եկել ենք: Սա դաշնակիցների առաջին պարտականությունն է: Սա նույնպես կարագացնի Փոքր Ասիայի մասնատվելու գործընթացը: Հիմա կարող ենք հաշվի առնել հարցի վերաբերյալ անհամաձայնությունը, սակայն ամեն ինչ կարող ենք այնպես կազմակերպել, որ անցանկալի ոչինչ չլինի: Դաշնակիցների ամենակարևոր նպատակը պետք է լինի հայերի ինքնավարությունը: Նրանք, ովքեր պնդում են, թե վերջին իրադարձությունները վերացրել են հայ ազգային գիտակցությունը՝ սխալվում են:

Թալեաթ Բեյը վերջին կոտորածով հույս ունի, որ հայերն առնվազն 50 տարով կկորցնեն իրենց ազգային նկրտումները: Նա չի հասնի իր նպատակին: Մի՞թե նույն կերպ չվարվեցին Հունաստանի հետ, սակայն նույն Հունաստանն ազատվեց և ուշքի եկավ: Գրեթե 17 դար հայերը պահպանել են իրենց անկախությունը: Իհարկե, հետո ցրվեցին տարբեր կողմերով՝ Լեհաստան, Ամերիկա, Պարսկաստան, Հունաստան, Ռուսաստան և այլուր, սակայն միշտ պահպանել են իրենց ինքնությունը: Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ փորձառու քաղաքական առաջնորդ են ունեցել, այլ ժողովրդի մեջ նման քաղաքացիական զգացում կա: Փոքր Ասիայի կենտրոնում հայերի ինքնավարությունը կաջակցի խաղաղությանը: Եվրոպայի պարտքն է աջակցել այս հարցի շուտափույթ լուծմանը»:

Ժողովրդական թերթիկ 1915/12/30 #467

Հայկական կենտրոնական կոմիտեն որոշել է.
1․ Հավլաբարում՝ Ադամովի տանը, որբերի համար ապաստան բացել
2․ Ղարսում գտնվող 3 հազար բռնի տեղահանվածներին, ում կառավարությունը օգնություն չի ցուցաբերում, ուղարկել 3 հազար մանեթ
3․ Փախստական աշակերտներին կրթելու համար հայ ուսուցիչների կոմիտեին ուղարկել 500 մանեթ
4․ 1.500 մանեթ տրամադրել Դիլիջանում փախստականների համար բացված արհեստանոցներին
5․ Փախստականներին օգնող Թիֆլիսի կոմիտեին տրամադրել 500 մանեթ, որպեսզի փախստականների համար միջոցառումներ կազմակերպեն և 7 հազար մանեթ՝ ներքնակների բուրդ գնելու համար
6․ Թիֆլիսում փախստականներն օգնություն պիտի ստանան մինչև հունվար

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

Տեսանյութեր

Լրահոս