«Հասան Ռոուհանիին հեշտ ընտրություններ չեն սպասվում». Իրանագետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) մայիսի 19-ին սպասվում են նախագահական ընտրություններ: Պայքարն ընթանալու է 6 թեկնածուների միջև՝ Հասան Ռոուհանի, Մուստաֆա Աղա-Միրսալիմ, Սահակ Ջահանգիրի, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆ, Սեյեդ Իբրահիմ Ռեիսի, Մուստաֆա Հաշեմի Թաբա: Հիմնական թեկնածուներն են գործող նախագահ Հասան Ռոուհանին և պահպանողական ճակատը ներկայացնող Իբրահիմ Ռեիսին: Թեկնածուների հնարավորությունների,  ներիրանական զարգացումների, ինչպես նաև  տարածաշրջանային երկրների նկատմամբ ԻԻՀ-ի կողմից քաղաքականության փոփոխությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  Արտյոմ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ 3 ամիս առաջվա դրությամբ շատերն էին Իրանում հավատում, որ գործող նախագահը կվերընտրվի առանց որևէ դժվարության, որովհետև գտնում էին, որ, ըստ էության, նա չի ունենալու արժանի մրցակից: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Իսլամական հեղափոխության ուժերի ճակատը, որ ձևավորվել էր դեկտեմբերին, կարողացավ առաջարկել և առաջ տանել Իբրահիմ Ռեիսիի թեկնածությունը, և վերջինս տևական բանակցություննների արդյունքում համաձայնեց առաջադրվել, և սրանից հետո իրավիճակը միանգամից փոխվեց: Պահպանողականները կարողացան Իբրահիմ Ռեիսիի շուրջ համախմբվել, և այս պահին, թերևս, հանդես են գալիս մեկ միասնական պայքարով:

«Այն խոստումները, որոնք Հասան Ռոուհանին տվել էր 2013 թվականին, մեծ հաշվով, չի կարողացել իրականացնել: Խոսքը վերաբերում է երկրում գործազուրկների թվի կրճատմանը. այն ոչ միայն չի կրճատվել, այլև ավելի է մեծացել: Բնապահպանական խնդիրները նույնպես չեն վերացել: Խոստումներից մեկը վերաբերում էր Արևմուտքում Իրանի հարաբերությունների բարելավմանը, բարելավվել են միայն մասամբ, նույնիսկ հիմնական քննադատները նշում են, որ այն, ինչ Իրանն է զիջել՝ հրաժարումը միջուկային ծրագրից, շատ փոքր էր այն արդյունքի դիմաց, որ ստացվեց»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:

Իրանագետի կարծիքով՝ բավական ուժեղ քարոզարշավ եղավ Իբրահիմ Ռեիսիի կողմից, և այն հանրահավաքները և ցույցերը, որոնք իրականացվում էին քարոզարշավի ընթացքում, հուշում են, որ նա կհավաքի շատ ձայներ:

Բանախոսը, համեմատելով 2013 թվականի նախագահական ընտրություններն այս ընտրությունների հետ, նշեց.

«2013 թվականին շատ փոքր տարբերությամբ Հասան Ռոուհանին կարողացավ հաղթել, այսինքն՝ չտեղափոխեցին ընտրությունները երկրորդ փուլ: Նա հավաքեց մոտ 50.7%, բայց 2013 թվականին նա լավ դիրքերից էր հանդես գալիս, նա համարվում էր գործող իշխանության քննադատողը, իսկ հիմա ինքն է հայտնվել քննադատվողի կարգավիճակում: Հասան Ռոուհանիին հեշտ ընտրություններ չեն սպասվում»:

Արտյոմ Տոնոյանը նշեց, որ Ռոուհանիի միակ հաղթաթուղթն այն է, որ 4 տարիների ընթացքում իրանցիներին տրվել է որոշակի, պայմանական կոչված, ազատություն, և սա իրանցիների համար շատ կարևոր հանգամանք է: Ռոուհանին էլ իր քարոզարշավի ընթացքում անընդհատ շեշտում է, որ իր չընտրվելու դեպքում կարող են կորցնել այն ազատությունները, որ այս 4 տարիների ընթացքում ձեռք են բերել: Նա կհաղթի այս գործոնի խաղարկման շնորհիվ:

Անդրադառնալով տարածաշրջանային երկրների նկատմամբ քաղաքականության փոփոխություններին՝ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ հայ-իրանական հարաբերություններում որևէ բացասական փոփոխություն չի լինի ո՛չ Հասան Ռոուհանիի վերընտրվելու դեպքում, ո՛չ էլ Իբրահիմ Ռեիսի պարագայում:

«Մեր՝ Իրանի հետ կառուցած հարաբերությունները անցած 26 տարիներին մշտապես զարգացել են դինամիկ, բացասական միտում Հայ-իրանական հարաբերություններում չի արձանագրվել: Չեմ կարծում, որ բացասական փոփոխություն կարձանագրվի նույնիսկ այն պարագայում, եթե իշխանության գա Ռեիսին: Թեպետ այս դեպքում նույնիսկ միգուցե շատ ավելի ընդլայնվեն համագործակցության ոլորտները, քանի որ, երբ իշխանության են լինում պահպանողականները, հայ-իրանական հարաբերություններն ավելի ջերմ բնույթ են կրում, իսկ  պահպանողականների իշխանության գալու ժամանակ, ադրբեջանա-իրանական հարաբերություններում նկատվում են սրացումներ»:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս