
WannaCry վիրուսը գրոհել է Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի վրա

WannaCry ցանցահենային վիրուսը, որն ավելի վաղ կազմակերպությունների եւ հիմնարկների համակարգչային համակարգեր էր կազմալուծել աշխարհի ավելի քան 150 երկրներում, շարունակել է տարածվել Ասիայի երկրներում, ինչի մասին հայտնել է Associated Pressը։
Ճապոնիայի JPCERT ոչ կառավարական կազմակերպության տվյալներով, որն աջակցություն Է ցույց տալիս կիբեռգրոհների դեպքում, Ճապոնիայում նոր հարվածի տակ են հայտնվել ավելի քան երկու հազար համակարգիչներ: Վիրուսը վնասներ է հասցրել այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Nissan Motorը եւ Hitachi-ն:
Կորեայի անվտանգության եւ Համացանցի գործակալությունում նույնպես հայտնել են, որ Հարավային Կորեայի առնվազն հինգ ընկերություններ գրոհներ են արձանագրել իրենց համակարգերի վրա:
Դրանց թվում է երկրի կինոթատրոնների խոշորագույն ցանցը՝ CJ CGV-ն: Չինաստանի ընկերության տեղեկատվության համաձայն, որն զբաղվում է ցանցային անվտանգությամբ, ՉԺՀ-ում հաքերների գրոհից «հարյուր հազարավոր» համակարգիչներ են տուժել գրեթե 30 հազար համալսարաններում եւ կրթական հիմնարկություններում:
Նաեւ գրոհը վնասել է առեւտրական եւ գրասենյակային կենտրոնների, լցակայանների, հիվանդանոցների, երկաթուղային կայարանների, փոստային ծառայության եւ մի շարք կառավարական հիմնարկությունների համակարգչային համակարգերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: