Բաժիններ՝

«Ադրբեջանական լոլիկը և խնձորն անվտանգ են». Հրաչ Բերբերյան

«Իհարկե, հաճելի չէ, երբ «Ադրբեջան» բառը գրված տուփը հայտնվում է Երևանում, բայց մի́ մոռացեք, որ նախորդ տարիներին մեր ծիրանը, հայկական թերթերով փաթաթված, հայտնվում էր Բաքվի շուկայում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ադրբեջանական լոլիկի և խնձորի մասին՝ ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ գործը հասել էր նրան, որ կոչով դիմել են Բաքվի ժողովրդին, որպեսզի այդ ծիրանը չուտեն։

«Շուկան մնում է շուկա։ Այսպես թե այնպես, եթե արտադրանքը սպառում ունի, իհարկե, օրինական ճանապարհով, այն իր շուկան կգտնի։ Մենք Պարենի տեսչության հետ ուսումնասիրել ենք ապրանքը լաբորատորիայում, անվտանգության խնդիր չկա։ Իհարկե, եղել է դրամաշորթություն, մաքսանենգություն, որի համար, կարծում եմ՝ մի քանի հոգի պատասխան կտան»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Հարցին, թե խնձորը միա՞կ դեպքն էր, որը Հայաստան է եկել մաքսանենգ ճանապարհով, նա պատասխանեց. «Իհա՛րկե ոչ։ Եթե մեկն այսպիսի հարցով քրեական պատասխանատվության է ենթարկվում, բնականաբար, դա մեկ անգամ չի եղել»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս