Հերթական կիսաստվերային պատմությունը՝ էներգետիկ համակարգում
Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո այս ոլորտը հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվում է միայն սակագնի վերանայման ընթացքում: Երկրի էներգահամակարգում տեղի ունեցող գործընթացների մասին, որպես կանոն, երբեք չի բարձրաձայնվել: Բացառությամբ այն պահերի, երբ ոլորտի կազմակերպությունները հայտարարել են իրենց ծանր ֆինանսական վիճակի մասին ու դիմել են սակագնային հանձնաժողով: Բնականաբար, հիմնականում՝ սակագինը բարձրացնելու «խնդրանքով»:
Այդպես ժամանակին հասարակությունը չիմացավ, թե ինչու և ինչ գնով համակարգի ձեռնարկությունները փոխանցվեցին ռուսաստանյան ընկերություններին՝ «Գույք՝ պարտքի դիմաց» հանրահայտ ծրագրով: Հարյուր մլն դոլարը գերազանցող պարտքի դիմաց զիջված ձեռնարկություններից ամենաանհասկանալին Սևան-Հրազդան կասկադն էր: Հրազդանի ՋԷԿ-ի 4-րդ ու 5-րդ էներգաբլոկների հետ կապված կիսադետեկտիվ ու կիսաքրեական պատմություններից անգամ մասնագետներն էին հոգնել: Ուստի այդ «օբյեկտների» հանձնումը ռուսաստանյան ընկերություններին թե՛ մասնագետները, թե՛ հասարակությունը հանգիստ ընդունեց: Տարիներ անց նույնքան հանգիստ ընդունվեց Հայաստանի ՀԷՑ-ի «փոխանցումը» «Տաշիր» գրուպին:
Հավանաբար նույն պատճառով՝ ՀԷՑ-ը ևս բոլորին հոգնեցրել էր իր ֆինանսատնտեսական աղեկտուր պատմություններով: Կարճ ասած, բոլորի համար հետաքրքիր էր միայն Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի խնդիրը: Մանավանդ, որ անկախության տարիների առաջին լուրջ տեխնիկական վթարը հենց կասկադի մաս կազմող Գյումուշի ՀԷԿ-ում էր տեղի ունեցել (1995թ. մայիս):
Հետո էներգետիկ ռեսուրսների սովից տառապող նորանկախ երկիրը 20 կամ 25 մլն գերմանական մարկ պարտք էր վերցրել Գերմանիայից ու նորոգել էր այն: Նորոգել, վերանվանել ու դարձրել էր պարտքի դիմաց տրվող գույք: Վերջին ամիսներին էներգետիկայի ոլորտում կարծես աշխույժ գործընթացներ են սկսվել: Իհարկե, ասել, որ դրանք հրապարակային են՝ չափազանցություն կլինի: Բայց ոլորտի մասին լուր-սպասումներից մեկը հենց Սևան-Հրազդան կասկադի հետ է կապված:
Նախ՝ ռուսական մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ «Ռոսհիդրո» ընկերությունը քննարկելու է կասկադի հնարավոր վաճառքի պայմանները: Այդ մասին ՌԻԱ-նովոստիին հայտնել էր «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ փոխտնօրեն Ջորջ Ռիժինաշվիլին: Ըստ նրա՝ այս գործարքով հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտում գործող ընկերությունները: Իսկ դրանք, որպես կանոն, ռուսական ընկերություններ են, որոնց գործունեությունը փորձագետները, մեղմ ասած, արդյունավետ չեն համարում:
Այսինքն՝ կրկին հնարավոր է, որ վաճառքի այս գործարքն էլ անհրաժեշտ հրապարակայնություն չստանա: Այնինչ այս կասկադը սովորական էներգաարտադրող օղակ չէ: Յոթ ՀԷԿ-երից բաղկացած համակարգի միայն հինգ ՀԷԿ-երն են մշտապես գործում: Մյուս երկուսը գործարկվում են միայն ոռոգման սեզոնին, երբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր է բաց թողնվում: Իսկ պաշտոնապես հայտարարվում է, որ Սևան-Հրազդան կասկադի հաշվին ոռոգվում է Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի 70 տոկոսը: Կասկադը, փաստորեն, էական դերակատարություն ունի գյուղատնտեսության ոլորտում: Ուստի խնդիրը չի կարելի լուծել զուտ էներգետիկ տեսանկյունից: Հատկապես, որ էներգետիկայի ոլորտում պաշտոնապես դրական տեղաշարժեր են արձանագրվել: Այս տարվա առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9,3 տոկոսով:
Վերջին տարիներին մենք ոռոգման սեզոնի ընթացքում էլեկտրաէներգիա ենք ներմուծում Վրաստանից, ուր ՀԷԿ-երն ավելի արդյունավետ են աշխատում, և նրանց արտադրած հոսանքն ավելի էժան է: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում, ի տարբերություն նախորդ տարվա, Հայաստանից է էլեկտրաէներգիա արտահանվել Վրաստան:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարում է, որ մինչև այս ամսվա վերջ հրապարակելու է երկրի էներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը, որն իրականացվելու է առաջիկա 3-4 տարում: Դատելով այս ոլորտի մասին տարածվող պաշտոնական տեղեկատվությունից, ոլորտում վերափոխումների բուռն գործընթաց է սկսվել: Նախ՝ այս տարվա ընթացքում հայտարարվեց մեկ մեգավատտ հզորությամբ երեք արևային կայանների շինարարությունը սկսելու մասին:
Ապա Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկ ընկերություններից մեկի հետ պայմանագիր ստորագրվեց 100 մեգավատտ հզորություն ունեցող կայանների շինարարության մասին: Հիմա կառավարությունում միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել 110 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերի հստակեցման համար: Հայտարարվել է, որ դրանցից առաջինը լինելու է Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում կառուցվող 55 մեգավատտ հզորությամբ կայանը: Իսկ մինչ այդ ծրագրերն իրականություն կդառնան, էներգետիկ ոլորտում կարծես թե ուրվագծվում է հերթական կիսաստվերային, կիսակասկածելի գործարքը։
Հետաքրքիր է՝ ո՞ւմ կվաճառվի Սևան-Հրազդանը։ Եթե, իհարկե, վաճառքի մասին լուրն իրականություն է և ոչ թե համակարգում ինչ-ինչ տրամադրություններ ստուգելու սպեկուլյացիա։