Պատկերացնենք մի պահ, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը գնացել է ազատագրված տարածքներ եւ տեսել հոծ բնակեցված, լավ ապրող բնակավայրեր, որոնք այդպիսին են դարձել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների, հասարակական կազմակերպությունների եւ Սփյուռքի կազմակերպված ջանքերի շնորհիվ։ Այսինքն՝ պատկերացնենք, որ մոտ 4000 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով այդ տարածքներում ապրում է ոչ թե 23.000 վերաբնակ, այլ՝ 123.000։ Ի՞նչ պիտի լիներ դրանից հետո։
Ըստ իս, ոչինչ էլ չէր լինելու։ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը գալու էր, գրառումներ էր անելու, զեկույց էր պատրաստելու, որում պարզ-պարզ գրված էր լինելու, թե հայերն իրենց ազատագրած պատմական տարածքները բնակեցրել են, եւ վերաբնակներն իրենց նոր տներից դուրս գալու մտադրություն չունեն։ Իսկ բնակեցրել են, որովհետեւ մոտ տասը միլիոնանոց այդ ժողովրդի երկու երրորդից ավելին ապրում է պատմական բնաշխարհից դուրս, եւ պատմական հողերի ազատագրումը Հայրենիք վերադառնալու բարեպատեհ առիթ է համարում։
Այս դեպքում մեր դիվանագիտական գերատեսչությունը մի քիչ պիտի աշխատեր, փաստեր ու տվյալներ պատրաստեր այդ առաքելության համար, օրինակ, համեմատելով խորհրդային տարիներին Ադրբեջանում հայերով բնակեցված տարածքների մակերեսն ու բնակեցվածության խտությունն ազատագրված տարածքների նույն թվերի հետ։ Իմ ունեցած ոչ պաշտոնական տվյալներով` 1988-90 թվականներին Հայաստանն ընդունել է Ադրբեջանից բռնի տեղահանված մոտ 300.000 փախստական, ինչն ավելի քան երկու անգամ շատ է երեւակայական 123.000 թվից։
Եվ երբ այդ զեկույցը պատրաստվեր ու ներկայացվեր պատկան մարմիններին, այնժամ ԵԱՀԿ-ներում եւ մյուս տեղերում գուցե մտածեին, որ սրանք իսկապես հայերի պատմական հողերն են, եւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ գուցե ցույց տար Դադիվանքում իր արած լուսանկարներն ու ասեր՝ սա էլ ապացույցը։
Փախստականների մի մասի խնդիրների այսօրինակ լուծումը պատկան մարմիններին գուցե կանգնեցներ փաստի առջեւ, եւ նրանք գուցե մտածեին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը լուծելիս հանդիպելու են մի շարք ոչ պակաս կարեւոր խնդիրների՝ ի՞նչ անել այս մարդկանց հետ, ո՞ւր տանել նրանց, արդյո՞ք տեղահանումն առաջ չի բերելու միգրացիայի նոր ալիք կամ արդյոք Եվրոպան ու Ամերիկան պատրա՞ստ են ընդունելու անտուն-անտեղ այդ փախստականներին։
Բայց մենք հիմա քննությունից մի կերպ պլստացած ուսանողի պես արձանագրում ենք, «որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն իրենց վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում բնակեցման կազմակերպված քաղաքականություն չեն վարում» («Ազգ» օրաթերթ, 16.02.2005, N027)։ Այսինքն՝ արձանագրում ենք մեր հերթական դիվանագիտական հաղթանակն ընդդեմ Ադրբեջանի, որն ուզում էր աշխարհին հակառակն ապացուցել՝ միշտ ավելի բարձր կարծիք ունենալով մեր մասին, քան իրականում ենք։
Հիմա զեկույց կազմողները կգրեն, որ այս տարածքները, որոնք ադրբեջանցիների կողմից որակվում են «գրավյալ», իսկ հայերն անվանում են «ազատագրյալ», ռազմապաշտպանական նշանակություն ունեցող միջադիրներ են, որոնց հանձնումն Ադրբեջանին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով, կարելի է իրականացնել առանց մեծ դժվարությունների, որովհետեւ նրանք արդեն արձանագրում են. «Շատ շրջաններում չկա էլեկտրաէներգիա, աղքատություն է տիրում: Ես չէի ասի, որ այդ մարդիկ ապրում են: Նրանք գոյատեւում են ծակված առաստաղներով ծածկված կիսաքանդ պատերում» («Ազգ» օրաթերթ, 16.02.2005, N027)։
Կասկածում եմ, որ Հայաստանի ու Ղարաբաղի կառավարությունները, հասարակական կազմակերպություններն ու Սփյուռքը ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գալուստն էին կանխատեսում, երբ ավելի քան տասը տարի ոչինչ չէին ձեռնարկում այդ տարածքները բնակեցնելու ուղղությամբ։ Փաստահավաքներն, իհարկե, ճիշտ են։ Բնակեցումը կատարվել է տարերայնորեն, առանց ծրագրի եւ առանց լուրջ միջոցների, մի քանի նվիրյալների ջանքով ու նախանձախնդրությամբ։ Բնակեցումը կատարվել է ժամանակավորի եւ ոչ հավերժականի գիտակցությամբ, այլապես ո՞նց բացատրենք այն փաստը, որ այդ տարածքներում բարեգործական կամ առեւտրային որեւէ լուրջ ներդրում չի կատարվել, չհաշված «Գորիս-Ստեփանակերտ» հիանալի մայրուղին, որը, հասկանում եք, չէր կարող չկառուցվել։
Տարիներ շարունակ գործի բերումով այդ կողմերում ուղեկցել եմ բազմաթիվ սփյուռքահայերի եւ միշտ լսել հավի ու ձվի հավերժական դիլեման։ «Ծրագիրներ չենք ըներ, կարծելով, թե պիտի վերադարձվեն աս հողերը»։ Բայց մի՞թե չէր կարելի ասել, որ «ծրագիրներու» եւ «ինվեսթմընթի» շնորհիվ պիտի պահենք այս հողերը, որ մեր «հողահավաքին մեկ կարեւոր հանգրվանն են», որպեսզի երբեւէ չվերադարձվեն։ Նույն մարդիկ բուն Ղարաբաղում կարեւոր ծրագրեր էին ֆինանսավորում՝ երբեւէ չմտածելով, որ պաշտպանական այս շերտերի կորուստը վտանգում է Ղարաբաղի գոյությունը։
1998-ին իշխանության եկած ուժերը 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Ղարաբաղ էին խոստանում, ինչն այն ժամանակ էլ, ակնհայտ էր, որ իրատեսական չէ։ Հետո սկսվեց ժամանակ շահելու կամ այլ կերպ ասած` «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» գործընթացը։ Իսրայելի պատմությունից փոխառված այս գործելակերպը պետք է իր հետ բերեր նաեւ Իսրայելի փորձը, երբ հակամարտությունների եւ առճակատումների ընդմիջումներին անապատի վրա երկիր էր կառուցվում։
Մեզ մոտ, փառք Աստծո, 94-ից հետո հակամարտություն չկա, արյունալի առճակատումներ չեն լինում, բայց չկա նաեւ շահած ժամանակն օգտագործելու կամք։ Ո՞վ կհանդուրժեր 8000 քառակուսի կիլոմետրանոց Ղարաբաղի գոյությունը, եթե այդ տարածքում ոտից գլուխ ընդամենը 200.000 մարդ է բնակվում։ Այն դեպքում, երբ մոտ 30.000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանում, ըստ վերջին մարդահամարի ստույգ կամ ուռճացված տվյալների, ավելի քան երեք միլիոն մարդ է ապրում։
Պարզ է, որ չեն հանդուրժելու։ Պարզ է, որ ԵԱՀԿ փաստահավաք խումբը եզրակացնելու է, որ ազատագրված տարածքները հայերին պետք չեն։ Եվ լավ է, որ այդ խումբը չի հասել Շուշի, թե չէ ուրիշ բաներ էլ կեզրակացներ։
«168 ԺԱՄ»
10.05.2005թ.