ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը

Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով որոշումը։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ լսելով կողմերին, ուսումնասիրելով ներայացված փաստարկները, գործի նյութերը, ՍԴ-ն գտնում է, որ դիմող կողմը չի իրականացրել օրենքով սահմանված կարգով և ժամկետում որևէ իրավաչափ գործողություն և գործում առկա չէ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստական հիմք, մասնավորապես՝ դատական ակտ։

Գ.Հարությունյանը նշեց, որ ընտրություններին հետևել են մեծ թվով՝ 600-ից ավելի դիտորդներ։ Նա մեջբերեց դիտորդների դրական կարծիքներ՝ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ։ ՍԴ-ն գտնում է, որ ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է՝ հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միազգային և տեղական դիտորդական առաքլությունների կողմից ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի առնչությամբ։

Ըստ նրա՝ խնդրի լուծումը պահանջում է համակարգային մոտեցումներ, գործատու-վարձու աշխատողների հարաբերությունները նոր որակի բերելու, նաև պետք է բացառել քաղաքական ու գործարար շահերի միահյուսումը. «ՀՀ քաղաքական համակարգի համար այս խնդրի լուծումը շարունակում է հրատապ մնալ, մասնավորապես՝ պահանջելով նաև օրենսդրական կարգավորում»։

ՍԴ-ն որոշման մեջ անդրադարձել է նաև տեղամասերում բաց քվեարկության, այլ անձանց ներկայության, քվեարկության գաղտնիության, տարածքներում կուտակումների խնդիրներին։ ՍԴ-ն գտնում է, որ որքան էլ դիմումատուի կողմից ներկայացված այս փաստերը հավաստի չեն, միևնույնն է, նվազեցնում են հասարակական վստահությունը.

«Ուստի, ոչ մի ընտրախախտում չպետք է անուշադրության մատնվի։ Խնդիրը պետք է վերաբերի դրանց վերացմանը և իրավախախատների նկատմամբ օրենքով նախատեսված պատժի անխուսափելությանը, դրանց հետ կապված հնարավոր չարաշահումների հաղթահարմանը»։

Գ.Հարությունյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովներում դաշինքի բոլոր անդամները ստորագրել են ընտրությունների արդյունքների տակ, դաշինքի կողմից որևէ վարչադատական բողոք չի ներկայացվել.

«Այս իրողությունն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև թերևս համապետական ընտրությունների միջազգային պրակտիկայում։ ՍԴ-ն գտնում է, որ նման իրավիճակներում Սահմանադրական դատարանում վեճի նախաձեռնումը ոչ թե սահմանադրական իրավունքի խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ և քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»։

Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

Ի դեպ, ՍԴ որոշման հրապարակման ժամանակ դիմող կողմը բոյկոտեց և ներկա չէր դահլիճում։

Տեսանյութեր

Լրահոս