«Եթե ես քաղաքապետ ընտրվեմ, դուք պարբերաբար ինձ կտեսնեք հասարակական տրանսպորտով երթևեկելիս». Նիկոլ Փաշինյան
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Արաբկիրում: Քարոզարշավին «Ելքի»՝ ավագանու անդամի թեկնածուների և քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ ներկա էին նաև դաշինքի պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Արամ Սարգսյանը, Գևորգ Գորգիսյանը, Էդմոն Մարուքյանը:
Ն. Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Տարոն Մարգարյանի քաղաքապետության ընթացքում Երևան քաղաքում կապիտալ ներդրումների համար եկամուտներ չեն կուտակվել. «Երևանի քաղաքապետարանը տարեկան 1 միլիոն դոլար է ծախսում ծառայողական ավտոմեքենաների վրա, ու նման բազմաթիվ ծախսեր կան: Երևանի քաղաքապետարանի համակարգն ուռճացված է, ինչքան թաղային ընտրակեղծարար կա, տարել են՝ պաշտոն են տվել»:
Հարցին՝ մի լավ բան չկա՞ այս քաղաքում, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Երևան քաղաքն ինքը լավ բան է՝ սկզբից մինչև վերջ, Երևան քաղաքի մթնոլորտը, աուրան, այն, ինչին տեսք է տվել Ալեքսանդր Թամանյանը, չի կարող վատը լինել: Խոսքն արդյունավետ կառավարման մասին է: Այսօր ինչո՞ւ պետք է քաղաքապետարանում 89 հատ ծառայողական ավտոմեքենա լինի»:
Լրագրողի հարցին, թե՝ Ձեր ընտրվելու դեպքում տրանսպորտո՞վ եք երթևեկելու, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ես որ ընտրվեմ, Երևան քաղաքում ծառայողական ավտոմեքենաների թիվը 70 տոկոսով կկրճատվի, և դուք պարբերաբար, առնվազն՝ ամիսը մի քանի անգամ, ինձ կտեսնեք հասարակական տրանսպորտով երթևեկելիս, որովհետև, եթե քաղաքապետը տրանսպորտ չի նստում, ինչպե՞ս է իմանում՝ ինչ վիճակում է տրանսպորտը: Գալիս են օգնականները՝ ծառայողական մեքենաներով, վերելակով բարձրանում են ու զեկուցում, թե ժողովուրդը ո՞նց է երթևեկում հասարակական տրանսպորտով»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: