Արմավիրի մարզի խմելու ջրի որակը կլավանա
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ իրենց մոտ եղել է կրկնվող հաստիքների կրճատում, ինչի արդյունքում տարեկան պետության բեռը նվազում է 450-480 մլն դրամով. «Ունեցել ենք նաև ԾԻԳ-երի խոշորացում, որի արդյունքում Արփա-Սևան ԾԻԳ-ը փակվել է, իսկ մյուս երեքը միավորվել են, ինչի արդյունքում տարեկան տնտեսում ենք 50 մլն դրամ, իսկ Արփա-Սևան ԾԻԳ-ի փակմամբ տնտեսում ենք 80 մլն դրամ»։
Նա նշեց, որ ոռոգման ջրի հետ կապված եթե խնդիր էլ առաջանա, գյուղացին դա չի զգալու։ Ա. Հարությունյանն ասաց, որ ամեն շաբաթ այցելելու է մի մարզ. «Նախապես կտեղեկացնենք մարզերի բնակիչներին, որ ցանկացած խնդրի հետ կապված անձամբ ինձ դիմեն։ Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը մեզ մոտ քաղաքացիների ընդունելության օր է. ես պատրաստ եմ լսել ցանկացած գյուղացու, որը հարց կբարձրացնի։ Ցանկացած հարցի հետևից անձամբ եմ գնում։ Այս շաբաթ եղել եմ Արմավիրի մարզում ու ծանոթացել բոլոր խնդիրներին»։
168.am-ը հետաքրքրվեց՝ այդ մարզում խմելու ջրի հետ կապված բողոքներ չեղա՞ն, քանի որ ջրամատակարարման ժամերն ու ջրի որակն Արմավիրում այդքան էլ լավ վիճակում չեն։
«Արմավիրի մարզը ջրի սակագնով ամենաբարձրն էր, բայց այնտեղ ամենավատ որակի ջուրն էր։ Հիմա մեր ներդրումային ծրագրերով նախատեսվում են փոփոխություններ։ Ունենք երկու ծրագիր. մեկով Նազրվանից մոտ 20 կմ-անոց ջրագիծ ենք կառուցելու, որ լավ որակի ջուր ստանանք։ Երկրորդ ծրագրով՝ Շիրակի մարզից ջրագիծ կկառուցենք մինչև Արմավիր, և այդ մարզի խմելու ջրի հարցը լուծենք։ Ջրամատակարարման տևողության հետ կապված այդ մարզում խնդիր չունենք, բայց ջրի որակի հետ կապված խնդիր ունենք, որը մեր քննարկվող հարցերի շրջանակում է»,- պարզաբանեց նա։