Բաժիններ՝

«Գնահատում եմ անբավարար». Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների վերաբերյալ:

«Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրն առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով:

Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցերի կիրառումը և կառավարման մարմինների փոխկապակցված և հետևողական աշխատանքը:

Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար: Եվ այս իսկ պատճառով հանձնարարում եմ գյուղատնտեսության նախարարին՝ 2 ամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը, կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկությունների և գործողությունների ծրագիր:

Երկրորդը՝ ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների,  և տեխնոլոգիաների ներգրավման գործողությունների  ծրագիր: Երրորդը՝ սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ համակարգի մարմինների հետ՝ մշակել և իրականացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին վարչապետը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում բնապահպանական հասարակական կազմակերպություների և անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների խնդիրները, քննարկել, վերլուծել և հաշվետվություն ներկայացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս