Բաժիններ՝

Ադրբեջանական խնձորն ու թառափը

Երևանում վաճառվող ադրբեջանական խնձորի մասին պատմությունը հետաքրքիր զարգացում ապրեց: Նախ՝ ՀՀ Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է կատարել և հարևան երկրում ապրանքանշված խնձորի խմբաքանակ է հայտնաբերել Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն համայնքների պտուղ-բանջարեղենի իրացման կետերում: Ադրբեջանական խնձորի վաճառքի փաստը ժխտեն արդեն անհնար էր: Մամուլում լուսանկարներ էին հրապարակվել: Ադրբեջանական ստվարաթղթե արկղերի վրա նշված էր, որ վաճառվող խնձորն աճեցվել է մերձկասպյան այգիներում, և, որ դրանք էկոլոգիապես մաքուր են:

Բայց մեր ՍԱՊԾ-ի համար այս գրությունը հավանաբար բավարար չէր: Ուստի սննդի անվտանգության մեր պատասխանատուները հայտարարեցին, որ խնձորները «սահմանային վերահսկողություն չեն անցել», ուստի բնակչությանը կոչ արեցին չգնել այդ ապրանքը: ՍԱՊԾ-ից հետո հայտարարություն տարածեց Պետեկամուտների կոմիտեն: Երկու պետական հիմնարկների հայտարարությունների մեջ հակասություն կար: ՊԵԿ-ը նախ նշեց, որ «մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ»:

Հետո բնակչությանը հանգստացնելու նպատակով հպարտ-հպարտ նշեց, որ «անձնական օգտագործման համար թույլատրելի քանակի պտուղ-բանջարեղենի ներմուծումն անգամ իրագործվում է խիստ հսկողության տակ»: Պարզ տրամաբանությամբ այդ «խիստ հսկողություն» ասածը պիտի որ Գյուղնախի ՍԱՊԾ-ն իրագործած լիներ: Բայց այդ կառույցն արդեն հայտարարել էր, որ իր տվյալներով՝ Ադրբեջանից խնձոր չի ներմուծվել: Ավելին՝ ՍԱՊԾ-ն նշել էր, որ ադրբեջանական խնձոր հայտնաբերել է բազմաթիվ առևտրային կետերում:

Այնպես որ, ՊԵԿ-ի ակնարկած «անձնական օգտագործման համար թույլատրելի քանակը», մեղմ ասած, տեղինչ չէ: Անձնական օգտագործման համար պտուղ-բանջարեղենի թույլատրելի քանակը 50 կիլոգրամ է: 50 կգ-ն այդքան առևտրային կետերով ցրելու դեպքում ամեն խանութին հավանաբար մեկ-երկու խնձոր կհասներ: Բայց, որպեսզի ՊԵԿ-ն իրեն փրկի դեպքերի հետագա տհաճ զարգացումներից, հայտարարեց, որ «նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի մանրամասները ճշտելու վերաբերյալ»: Հայկական ու ադրբեջանական մամուլում հարևան երկրում արտադրված ապրանքների վաճառքի մասին պարբերաբար լուրեր հայտնվում են: Տարիներ առաջ Հայաստանում ադրբեջանական Նար-շարաբ էր հայտնվել վաճառքում:

Մի քանի տարի առաջ Ադրբեջանի խանութներում հայտնվել էին Երևանի ոսկերչական գործարանի արտադրության զարդեր: Իշխանությունները սովորաբար արագ լուծում են գտնում նման դեպքերում: Այս անգամ էլ դժվար թե հասարակությունը տեղեկանա, թե որ գործարարը և ինչ ճանապարհով է ներմուծել մերձկասպյան այգիներում աճեցված խնձորը: Փոխարենը՝ առաջարկում են դիտարկել հետևյալ փաստը: 2015թ. դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահը հրամանագրով լուծարեց իր երկրի Ազգային անվտանգության նախարարությունը: Մինչ այդ Ալիևը աշխատանքից հեռացրել էր ԱԱՆ նախարար, գեներալ-գնդապետ Էլդար Մուխամադովին:

Պաշտոնանկ արված գեներալ-գնդապետի հետագա ճակատագիրն արկածային ժանրից է, բայց դուրս է մեր այսօրվա թեմայից: ԱԱՆ ղեկավարությունից ձերբակալվեցին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ: Հետո աշխատանքից հեռացվեց Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Զիի Մամեդովը: Այս տարի սկսվեց ձերբակալված պաշտոնատար անձանց և գործարարների երկրորդ խմբի դատավարությունը: Այս խմբում ներառված են ԱԱՆ երեք գեներալ և յոթը վարչության պետեր: Այդ վարչության պետերից մեկը ապրիլի 19-ին դատարանում մեր թեմային առնչվող բավական հետաքրքիր ցուցմունք է տվել:

Նա հայտարարել է, որ իրենց հետ նույն քրգործով մեղադրվող Araz-Plost ընկերության տնօրենի եղբայրն «Ադրբեջանի երկաթգիծ» ՍՊԸ-ի ղեկավարներից է: Իսկ ձերբակալված տրանսպորտի փոխնախարարը վերոհիշյալ ընկերության սեփականատերերից է: Ապա ավելացրել է, որ այդ ընկերությունը երրորդ երկրի միջոցով առևտուր է անում Հայաստանի հետ: Ադրբեջանական մամուլը գրում է, որ նախաքննության ընթացքում Araz-Plost- ի տնօրենը պնդել է, որ իր ընկերությունը Հայաստանի հետ առևտրային կապ չունի:

Բայց դատարանում ընդունել է այդ փաստը ու ավելացրել, որ հայերի փողն իր երկիր բերելը դատապարտելի արարք չի համարում: Փաստորեն, Բաքվում ներկա պահին Հայաստանի հետ առևտրային գործարքներ ունենալու մեղադրանքով բազմաթիվ պաշտոնյաներ են հայտնվել դատարանում: Իսկ պաշտոնյաների մեջ ԱԱԾ մի քանի գեներալ ու գնդապետ կա, մեկ փոխնախարար և առնվազն մեկ գործարար: Իհարկե, կարելի է այս փաստը չնկատելու տալ:

Կարելի է նաև վերլուծել ու ասել, որ կատարվածն ընդամենը հարևան երկրի բռնապետի քմահաճության արդյունք Է: Ադրբեջանական խնձորի վաճառքի փաստը լայն հրապարակում ստացավ: Հավանաբար այն պատճառով, որ խնձորն էժան ապրանք է, և դրա իրացման գործում մեծ քանակությամբ գնորդ է «ներքաշվում»:

Շատ ավելի մեծ քանակության, քան կասպյան թանկարժեք թառափի ու այլ ծովամթերքների համար, որոնք վաճառվում են Երևանի մի քանի «էլիտար» խանութներում: Մեզ՝ պարզ քաղաքացիներիս համար դժվար չէ ձևացնելը, որ չգիտենք, թե որ երկրի ծովամթերքի մասին է խոսքը: Մենք այդ մթերքներից հազվադեպ ենք օգտվում: Այնքան հազվադեպ, որ համարյա չենք օգտվում: Ի տարբերություն…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս