«ՀՀ քաղաքացիները կկարողանան ավելի մատչելի գներով ուղևորվել Եվրոպա». մեկնարկեց համաձայանգրի շուրջ բանակցությունների առաջին փուլը
Մեկնարկեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Բանակցություններից առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ սա շատ կարևոր է կարգավորման միասնական դաշտի ստեղծման համար.
«Հայաստանն ի վիճակի կլինի աշխարհի հետ կապվել, չեն լինի փակ սահմաններ Հայաստանի և Եվրոպայի միջև։ Սա օգտակար կլինի նաև շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց վրա կզգան այդ դրական ազդեցությունները։ Այս համաձայնագիրը քաջալերում է, որպեսզի դրական հնարավորություններ ու լրացուցիչ կապեր ստեղծվեն և հայսստանցիները կկարողանան ավելի մատչելի գներով ճամփորդել դեպի Եվրոպա։
Ոչ միայն եվրոպական տարբեր ուղղություններ մեկնելու հնարավորություններ կստեղծվեն, այլև եվրոպական ավիաուղիները մուտք կգործեն Հայաստան, ինչը մրցակցային դաշտ կստեղծի։ Զբոսաշրջությունը Հայաստանում ևս կզարգանա. ես Հայաստանը համարում եմ Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկը, որը գրավիչ կլինի եվրոպացի զբոսաշրջիկների համար։ Կզարգանա նաև գործարարությունը»։
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՀ բանակցային խմբի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ ՀՀ քաղավիացիայի ոլորտի համար սա շատ կարևոր քայլ է.
«Մենք մեկ ֆունդամենտալ քայլով առաջ ենք գնում՝ մեր և ԵՄ միջև քաղավիացիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից։ Այս համաձայնագիրը կարևորվում է մի շարք հանգամանքներով. կարգավորում և ազատականացնում ենք դաշտը միանգամից ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ։ Մենք պարտավորվում ենք Հայաստանում իմպլիմանետացիա անել և տեղայնացնել ԵՄ-ում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող այն չափանիշներն ու , ստանդարտները, որոնք այնտեղ առկա են։ Դա ՀՀ-ում կստեղծի ավելի կանխատեսելի, ճիշտ կառուցված և ներկայիս մեր քաղքականությանը համապատասխանող իրավական դաշտ, որը իր հերթին կհանգեցնի ավիաընկերությունների կողմից երկարաժամկետ ծրագրերի կառուցման նախապայմանների»։
Նրա խոսքով՝ պայմանագրի ստորագրումը երկար սպասեցնել չի տա. «Մեր քաղաքացիներն ու պոտենցիալ հյուրերն իրենց վրա կզգան այս համաձայնագրի ավելի կիրառական և առարկայական պտուղները։ Այս ամենը բերելու է մրցակցության ավելացմանը՝ ավիաընկերությունների ակտիվացման շնորհիվ, ինչն իր հերթին բերելու է աշխարհագրական դիվերսիֆիկացիայի, տոմսերի գների անկման, որակի ավելացման»։
Եվրոպական Հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ԵՄ բանակցային խմբի ղեկավար Կլաուս Գեյլը ևս կարևորեց այս համաձայանգիրը՝ նշելով, որ Հայաստանի համար սա նոր հնարավորությունների դաշտ կստեղծի. «Հայաստանը կկարողանա կիրառել այս ոլորտում մեր ունեցած փորձառությունը։ Ավիատոսմերի գները, մատուցվող ծառայությունների որակը ավելի բարձր կլինի, կկարողանանք աճ գրանցել այս ոլորտում։ Հայաստանը միգուցե դառնա հանգույց տարանցիկ փոխանցումների համար թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում