«Չէր սիրում պարտվել, միշտ տխրում էր, հոնքերը կիտում». Այսօր ապրիլյան պատերազմում զոհված հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված զինծառայող Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ծնված ու մեծացած հերոսի մասին հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին՝ Թերեզա Ավագյանը, մեծ ոգեւորությամբ է պատմում, թերթում է Քյարամի աշխատանքներն ու նորից վերհիշում: Տիկին Ավագյանը Քյարամին դասավանդել է 5-9-րդ դասարաններում. հետադարձ հայացք գցելով անցած տարիներին՝ մի բան է փաստում՝ Քյարամը յուրա հատուկ մտածելակերպ ունեցող աշակերտ էր, նրա համար բոլորը հավասար էին, օգնելու դեպքում բոլորին հավասարապես պետք է օգներ:
«Շատ հետաքրքրասեր էր Քյարամը: Իմ ձեռքի տակ հիմա նրա ստուգողական աշխատանքներն են, որոնք հանձնարարել էի դեռեւս 2008 թվականին: Եթե մի բան պիտի սովորեր, անպայման միտքը պետք է հասկանար, ընկալեր. եթե չէր հասկանում, ասում էր՝ չեմ սովորելու: 6-րդ դասարանում հանձնարարեցի Հայկ նահապետի բնութագիրը գրել, շատ էր սիրել այդ հերոսին, նրա կերպարը ու շատ լավ էր գրել: Սիրում էր գրականություն, այդ ժամանակ նրանց նաեւ հայոց եկեղեցու պատմություն էի դասավանդում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է ուսուցչուհին:
Տիկին Ավագյանը մեկը մյուսի հետեւից հիշում է Քյարամի դպրոցական տարիների հետաքրքիր ու լուսավոր դրվագները՝ կարծես չցանկանալով դրանցից մեկն անգամ բաց թողնել: Քյարամը շատ էր սիրում ձիեր. դասերից մեկի ժամանակ ուսուցչուհին ներկայացնում էր Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը, ուսուցչուհին սպիտակ ձիու նկար չունենալու պատճառով կարմիր ձիու նկար էր բերել դասարան, Քյարամը տեսել էր, հավանել ու խնդրել էր ուսուցչուհուն տալ իրեն:
«Դասարանում մրցույթներ հաճախ էինք կազմակերպում, մի օր աշակերտներին բաժանեցի երկու խմբի՝ մեկի անունը մանուշակ էի դրել, մյուսինը՝ հասմիկ: Դե, մայրենի լեզվի փոքր մրցույթ էր՝ ընթերցանություն, բառային աշխատանք: Երբ իր անունը կարդաց «մանուշակ» խմբի տակ, ասաց՝ իյա, ես աղջիկ եմ, որ անունս մանուշակ խմբում եք գրել, հենց հիմա ջնջեք: Հետո իմացավ, որ հաղթող խումբը պիտի արժանանա Անդրանիկի դրոշին, ասաց՝ այ, դրա համար կարելի է: Այդ դրոշն ինձ հետ ծերացել է, դեռ 70-ականներից կա: Չէր սիրում պարտվել, միշտ տխրում էր, հոնքերը կիտում: Մի անգամ էլ պարտվեցին, հաջորդ օրը եկա, տեսա, որ Անդրանիկի դրոշը ոչ թե հաղթած շարքի մոտ է կախված, այլ Քյարամենց:
Հարցրի՝ ով է տեղափոխել, ասաց՝ ես, տիկին Ավագյան, Անդրանիկն ինձ է նայում, թույլ տվեք՝ իմ շարքի առաջ լինի, ես էլ ընդդիմացա, ասացի՝ բայց ախր անարդար է, նա էլ շատ խնդրեց, ասաց՝ թող իմ շարքի առաջ լինի, որ Անդրանիկը միշտ ինձ նայի: Վերջերս էլ մեր մի միջոցառման տեսագրությունը դիտեցի ու նորից հուզվեցի՝ տեսնելով նրա պարը. արծվի նման վեր էր բարձրացնում թեւերն ու պարում: Այդ թռիչքով էլ նա գնաց»:
Ուսուցչուհին հետեւում էր նախորդ տարվա ապրիլյան օրերի լրատվությանը, բայց Քյարամի ու մյուս զինծառայողների հետ պատահած դեպքի մասին իմացել էր դպրոցի աշակերտներից:
«12-րդ դասարանի աշակերտներից մեր Մուշեղը եկավ, տխուր մոտեցավ ինձ, ասաց՝ գիտեք՝ մեր գյուղից մեկը զոհվել է, ես այլեւս չէի ուզում ոչինչ լսել, բայց լուրերը տարածվել էին գյուղում, բոլորն արդեն գիտեին: Հենց իմացա՝ Քյարամն է, ասացի՝ վախ, հաստատ չի ենթարկվել: Շատ դեպքեր են եղել, որ ես նրան համոզել եմ, որ այս մի բանը պիտի անի, բայց չէ, եթե սրտով չէր, ինչ ուզում է անեինք, չէր ենթարկվի: Պատերազմի ժամանակ էլ չենթարկվեց, չնահանջեց, մինչեւ վերջ էլ մնաց հրամանատարի կողքին ու անմահացավ»:
Քյարամ Սլոյանի հետ միասին Մարտակերտի դիրքը կյանքի գնով պաշտպանեցին ապրիլյան պատերազմի մյուս հերոսները՝ նրա հրամանատարը, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը:
Սյուզի Մուրադյան