Մարզպետի տեղակալը 14 հազար դոլարով «BMW» է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը նախորդ տարի «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այդ մասին տեղեկանում ենք Վարդանյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը նախորդ տարի 6 միլիոն 431 հազար դրամով գնել է «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա: Բացի այս հայտարարագրից տեսնում ենք, որ մարզպետի տեղակալը նախորդ տարվա ընթացքում ևս մեկ ավտոմեքենա է գնել, կրկին «ԲՄՎ» մակնիշի, սակայն տարեվերջին այն արդեն վաճառված է եղել 6 միլիոն 500 հազար դրամով:
Վարդանյանի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 8 միլիոն 998 հազար դրամ, որից 6 միլիոն 998 հազար դրամը տարեկան աշխատավարձն է, իսկ 2 միլիոնը նշված է որպես այլ եկամուտ:
Կինը՝ Հռիփսիմե Վարդանյանը, հայտարարագրել է 500 հազար դրամ դրամական միջոցներ և 850 հազար դրամ տարեկան աշխատավարձ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ«Փաստ» թերթի այսօրվա համարում: