
Google-ի համահիմնադիրը «թռչող ավտոմոբիլ» է ներկայացրել

Kitty Hawk ամերիկյան սթարթափը, որը ֆինանսավորվում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի կողմից, ներկայացրել Է իր «թռչող ավտոմոբիլի» առաջին նախատիպը՝ Flyer-ը: Վիթխարի մուլտիկոպտյորը ցուցադրող տեսահոլովակը հրապարակված է ընկերության YouTube-ալիքում:
100 կիլոգրամ քաշով փոխադրամիջոցը նախատեսված է մեկ ուղեւորի համար: Flyer-ն աշխատում է նաեւ էլեկտրական քարշով եւ ժամում զարգացնում է մինչեւ 40 կիլոմետր արագություն: Ապարատն ստեղծողի խոսքով՝ Flyer-ը վարելու համար ոչ մի թույլատրագիր չի պահանջվում, քանի որ այն դասվում է գերթեթեւ օդանավերի շարքին:
Վաճառքների մեկնարկը պլանավորված է 2017 թվականի վերջին, սակայն ապարատն ստեղծողները դեռեւս չեն որոշել դրա վերջնական արժեքը: