
Պարզվել են Դինքի սպանության գործում ժանդարմերիայի ներգրավվածության մանրամասները

Ստամբուլի Հանրապետական դատախազության կողմից պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով կազմած մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել տեղեկություններ հանցանքի իրականացման ընթացքի, մարդասպան Օգյուն Սամասթի և ժանդարմերիայի միջև եղած կապի, ինչպես նաև հանցանքի մեջ ներգրավված այլ անձանց վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մասնավորապես պարզվել է, որ ժանդարմերիան հետևել է Սամասթին, երբ վերջինս Տրապիզոնից Ստամբուլ է գնացել: Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի աշխատակիցներ Օքան Շիմշեքը և Վեյսել Շահինը 2006 թվականի հուլիսին Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալի բարեկամ Չոշքուն Իղջիի միջոցով արդեն ունեցել են տեղեկություն այն մասին, որ Հայալը ծրագրում է սպանել պոլսահայ լրագրողին:
Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակիցները, կապ հաստատելով Ստամբուլի հետաքննական վարչության տնօրինության հետ, տեղեկացրել են հանցագործության նախապատրաստման և դրա իրականացման վայրի մասին:
2006 թվականի օգոստոսի 9-ին Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակիցները հետախուզել են Դինքի` Բաքըրքյոյ թաղամասում գտնվող բնակարանի շրջակայքը: Դրանից կարճ ժամանակ անց Օքան Շիմշեքը և Վեյսել Շահինը Իղջիին ասել են. «Յասին Հայալը նման բան չի անի, մեր վերահսկողության տակ է, մենք հոգ ենք տարել այդ մասին»: Այնուհետև նրանք դադարեցրել են համագործակցությունը Իղջիի հետ:
2006 թվականի նոյեմբերի 15-ին Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակիցներ Ունսալ Գյուրելը և Ռեսուլ Քյութուքօղլուն մարդասպան Օգյուն Սամասթի հետ հեռախոսազրույց են ունեցել, ապա հանդիպել Քարադենիզի տեխնիկական համալսարանի մոտակայքում:
Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարությունում աշխատող Ահմեթ Ֆարուք Այդողանի հեռախոսահամարը Օգյուն Սամասթի հեռախոսում գրանցված է եղել «հրամանատար» անունով։