«Թուրքիան առավել ակտիվ գործողությունների կանցնի». Սարգիս Գրիգորյան
Թուրքական օդուժն ավիահարվածներ է հասցրել քրդական կայանատեղիներին Իրաքի և Սիրիայի սահմանային հատվածում՝ Սինջար լեռան մոտ: Թուրքերի թիրախում PKK-ի դիրքերն են եղել: Արաբագետ, ԵՊՀ դասախոս Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ Թուրքիան առավել ակտիվ գործողությունների կանցնի ոչ միայն Սիրիայում, այլ նաև Իրաքում։
«Դրա մասին բազմիցս հայտարարել են, ուղղակի սահմանադրական բարեփոխումները պետք է ավարտվեին, որպեսզի Թուրքիան ավելի ակտիվ զբաղվեր PKK-ով։ Այս ավիահարվածները դրա վառ վկայությունն են։ Ես, ճիշտն ասած՝ ակնկալում էի, որ ցամաքային գործողություններ կսկսվեն Իրաքում, բայց չի բացառվում, որ այս ավիահարվածներին հաջորդեն ցամաքային գործողություններ։ Խոսքը կանոնավոր բանակի մասին չէ, չնայած Թուրքիան Իրաքում ռազմաբազա ունի, բայց հատուկջոկատայինների մասնակցությամբ որոշ գործողություններ կլինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Արաբագետն ընդգծեց՝ Սինջարը դարձել էր կռվախնձոր Իրաքի Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության և Քուրդիստանի աշխատավոր կուսակցության միջև, և նրա խոսքով՝ Թուրքիան ուշի ուշով հետևում էր այդ զարգացումներին. «Այս օդային հարվարծներն էլ տեղացին այն պատճառով, որ PKK-ն ուժեղացավ հատկապես Իրաքում։ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը հանգեցրեց նրան, որ PKK-ն ավելի ուժեղ դարձավ Իրաքում, և այս օդային հարվածը դրա տրամաբանական շարունակությունն էր։ Թուրքիան վտանգ է տեսնում Իրաքում՝ հենց PKK-ի ուժեղացման մեջ, և դա արտահայտվեց այս օդային հարվածներով»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի և գերտերությունների հարաբերություններին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ այս փուլում Թուրքիան չի գնա նրանց հետ հարաբերությունների սրացման, քանի որ դա չի բխում հենց Թուրքիայի շահերից. «Էրդողանն անկանխատեսելի է, բայց առավել լայն գործողությունների չի գնա։ Իսկ տեղային գործողությունների մակարդակում Էրդողանն իրեն կարող է թույլ տալ բաներ, որոնք համաձայնեցված չեն լինի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի հետ, հատկապես՝ PKK-ի դեմ պայքարում»։
Ս. Գրիգորյանը նաև նկատեց՝ Թրամփն ուզում է տարբերվել Օբամայից՝ ցույց տալով, որ նախ՝ ինքը հանրապետական է, հետո՝ առավել կտրուկ է լինելու և՛ Սիրիայում, և՛ Իրաքում. «Այսինքն՝ ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունը տարբերվելու է Օբամայի վարչակարգի վարած քաղաքականությունից, բայց չեմ կարծում, որ այս պահին ԱՄՆ-ը առավել լայնածավալ գործողությունների գնա կամ շատ տարբերվող վարքագիծ դրսևորի։ Դա նկատվեց այն ժամանակ, երբ Թրամփի վարչակարգը հայտարարեց, որ իրենց համար առաջին խնդիրը ԻԼԻՊ-ի դեմ պայքարն է. եթե հիշում եք՝ Օբաման էլ էր այդ մասին խոսում։ Այնպես որ, թիրախում ԻԼԻՊ-ն է լինելու, և հիմնական գործողություններն ուղղված են լինելու այդ կառույցը ոչնչացնելուն»։
Նշենք, որ քրդական մամուլի տեղեկացմամբ՝ Սինջարում իրականացված օդային գործողության հետևանքով սպանվել է քրդական փեշմերգայի 5 մարտիկ, 7-ը՝ վիրավորվել: