
Jimmy Choo լեգենդար բրենդը վաճառքի է դրվել

Jimmy Choo կոշիկի էլիտար առեւտրանիշը հայտարարել է, որ գնորդ է փնտրում: Ընկերությունը, որի արժեքը գնահատվում է 700 միլիոն ֆունտ (895,5 միլիոն դոլար), առայժմ առաջարկություններ չի ստացել պոտենցիալ ներդրողներից։
Jimmy Choo-ի տնօրենների խորհրդի հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունն ուսումնասիրել է գործարարության հետագա զարգացման տարբեր հնարավորություններ եւ ի վերջո որոշում է ընդունել է վաճառել այն:
Մամուլի տեղեկագրում նշված է, որ այդ քայլին հավանություն է տալիս Jimmy Choo-ի մաժորիտար բաժնետերը՝ JAB Luxury հոլդինգը, որին պատկանում է կոշիկի առեւտրանիշի բաժենտոմսերի 68 տոկոսը:
Մինչդեռ, բուն հոլդինգում հայտարարել են, որ առայժմ համոզված չեն, թե Jimmy Choo-ն իրոք կհաջողվի վաճառել: Ըստ որում ընկերության հնարավոր վաճառքի մասին լուրերից դրա բաժնետոմսերի արժեքն 8 տոկոսով բարձրացել է:
Jimmy Choo-ն արտադրում է պրեմիում դասի կոշիկներ եւ պերճանքի այլ առարկաներ: Ընկերությունը 150 խանութներ ունի ամբողջ աշխարհում:
Jimmy Choo-ի կոշիկները հաճախ կարելի է տեսնել «կարմիր ուղեգորգերի» վրա: Մասնավորապես, այս կոշիկին են նախապատվությունը տվել Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Էմմա Սթոունը եւ Քեմբրիջի դքսուհի Քեյթը:
Բայց վերջին տարիներին Jimmy Choo-ի վաճառքների աճն սկսել է դանդաղել: Եթե երեք տարի առաջ ընկերությունը հաշվետվություն էր ներկայացրել նախորդ տարվա համեմատությամբ վաճառքների 12 տոկոս աճի մասին, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 2 տոկոս: