 
                        Թուրքական «նախանձը» 20-րդ դարասկզբին չխնայեց անգամ հայ մարզիկներին
 
                                    1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչների շարքում էին նաեւ հայ մարզաշխարհի ներկայացուցիչները: Արդեն ծանոթ լինելով եվրոպական կրթական ավանդույթներին ու սկզբունքներին` Արեւմտյան Հայաստանում մեծ վերելք է ապրել մարզական կյանքը: Բավական է ասել, որ Կոստանդնուպոլսից Վան, Տրապիզոնից Ադանա հայկական տասնյակ մարզական ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ էին ի հայտ եկել:
Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկներ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, Ստոկհոլմի 1912 թ. հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան:
Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում:
1911-1914 թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` մասնակցությամբ բոլոր հայկական մարզական ակումբների: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով:
Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված ցեղասպանության պատճառով, որի ընթացքում հայ մարզիկները եւս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        