Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանի հեղափոխական առաջարկները

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ներկայացրել է «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» նախագծերը, որոնք հեղափոխական փոփոխություններ են նախատեսում բանակում։ Ներկայացնում ենք նախագծերի նկարագրությունը.

«Պատիվ ունեմ»

Հայկական բանակը կարիք ունի բանիմաց եւ հմուտ սպայակազմի: ՌՈՒՀ-երի շրջանավարտներն այն քաղաքացիներն են, ովքեր ընտրել են սպայական մասնագիտությունը որպես կենսակերպ, առաքելություն: Նրանք իրենց մարտական ուղին սկսում են որպես կուրսանտներ եւ երազում գեներալ դառնալ: Բայց մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, ովքեր կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրերից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ զինված ուժեր են բերելու նոր գիտելիքներ եւ հմտություններ, որոնք օգնելու են ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները:

Այսօրվա իրականության մեջ բուհական տարկետումների համակարգը թերի է եւ ծնում է անարդարության բազմաթիվ դրսեւորումներ: Բուհերի ընդունելության քննությունները, բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա` ողջ աշխարհում աշխատանքային փորձի ձեռքբերմամբ ընդհատվող ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող 4+2+3 ուսումնական ընթացք, որին հետեւում է թեկնածուական ատենախոսության հապճեպ պաշտպանությունը` ժամկետային ծառայությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու հեռանկարով:

Կարդացեք նաև

Ավելին, արդյունավետ չի օգտագործվում բուհերի այն շրջանավարտների ներուժը, ովքեր բակալավրիատից հետո զորակոչվում են ՀՀ զինված ուժեր: Հիմնականում նրանք համալրում են շարքային-սերժանտական կազմը, լավագույն դեպքում անցնելով ուսումնական զորամասերով, իսկ երբեմն` անմիջապես նախանշվելով մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչեւ 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու եւ քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում եւ 3 տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում:

Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաեւ ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաեւ նրա մագիստրոսական կրթությունը:

Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաեւ միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:

Ծրագրի կարեւոր արդյունքներից է նաեւ լուրջ սպայական պահեստազորի ձեւավորումը: Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ եւ առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:
Այսպիսով, տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի: Պետությունն էլ դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ:

«Ես եմ»

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

Ծառայությունը կտեւի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ` առաջնագծում՝ մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում եւ մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),

2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),

3. ուսման վարձի փոխհատուցում:

Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաեւ ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատեւ ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:
Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաեւ ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա:

Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, եւ քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում 3 տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձեւը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս