Բաժիններ՝

«Բյուջեից լրացուցիչ գումար եք ուզում, ինչո՞ւ եք ուզում». Կարեն Կարապետյանը՝ փոխնախարարին

Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նա ներկայացրեց տարեկետման իրավունքով և անվճար, միայն տարեկետման իրավունքով, բայց ոչ բյուջեի հաշվին վճարովի, բյուջերով վճարվող, բայց առանց տարեկետման իրավունքի և վճարովի տեղերի քանակը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են որոշել, արդյոք վերլուծություն արվե՞լ է, թե՞ յուրաքանչյուր տարի նույն քանակը ներկայացվում է։

Մանուկ Մկրտչյանը փորձեց պատասխանել, բայց Կարեն Կարապետյանն ընդհատեց ու հարցրեց. «Պարոն Մկրտչյան, անալիզ արե՞լ եք։ Ուսումնական հաստատություններն ինչքան շատ ուզեն, այնքան լավ իրենց համար։ Տրամաբանություն չկա, շուկայի վրա էլ արձագանքը շատ դեպքերում մինիմալ է։ Իրենք շուկայի պահանջարկը չեն էլ նայում, որոշ բուհեր, ոչ բոլորը։ Կա՞ այդ վերլուծությունը, իրականում այսքան փող ենք դրել: Մագիստր, ասպիրանտ, բակալավրիատ… ի՞նչ ենք ստացել դրա դիմաց»։

Նախարարի տեղակալն ասաց, որ այսօրվա վիճակով վերլուծությունը չկա։

«Այդ դեպքում այս հայտը բերում եք, բյուջեից լրացուցիչ գումար եք ուզում, ինչո՞ւ եք ուզում»,- հարցրեց Կարեն Կարապետյանը՝ հորդորելով տեղավորվել եղած գումարի սահմաններում, մանավանդ որ, հիմնավորում չունեն. «Նախ՝ լիմիտի մեջ, երկրորդը՝ բերում եք, թե ինչ ենք արել նախկին տարիներին, ու ապացուցում եք, որ ճիշտ ենք անում»։

«Ճիշտը՝ չգիտեմ, պարո՛ն վարչապետ, բայց որ այս իրավիճակում դա նպատակահարմար է, հաստատ է»,- ասաց նախարարի տեղակալը, ինչին Կարեն Կարապետյանն արձագանքեց՝ շատ հետաքրքիր պատասխան էր։  ­

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս