Ժան-Լյուկ Մելանշոնը Ֆրանսիայի նախագահ դառնալու դեպքում ապրիլի 24-ը կներառի հիշատակի օրերի օրացույցում
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու պարագայում ԺանԼյուկ Մելանշոնը կմասնակցի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին և հանդես կգա այդ օրը Ֆրանսիայի Հանրապետութ յան հիշատակի օրերի օրացույցում ներառելու օգտին: Այս մասին Nouvelles d’Armenieի հետ հարցազրույցում հայտարարել է Մելանշոնի
ընտրարշավի կազմակերպիչներից Շառլոտ Ժիրարը:
«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի երեք ողբերգական ցեղասպանություններից մեկն է: Դա կարևոր է ոչ միայն հայ համայնքի համար, այլև դաս է մարդկության համար: Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները այսօր
ևս անհանգստացնող արձագանքներ են առաջացնում, եթե դիտարկենք այն քայլերը, որ թուրքական պետությունը նախաձեռնել է Սուրում և Ջիզրեում քրդական համայնքի հանդեպ»,-Մելանշոնի խոսքը մեջբերել է Շառլոտ Ժիրարը:
Նրա փոխանցմամբ՝ Մելանշոնը կողմ է առհասարակ մարդկության դեմ հանցագործությունների, հատկապես ցեղասպանությունների ճանաչմանը: Ըստ նրա՝ ավտորիտարացման ճանապարհ բռնած թուրքական պետությունն Էրդողանի գլխավորությամբ ներգրավված է պատմության վերանայման մեջ, այդ թվում և 1915թ. խնդրով:
Միաժամանակ Մելանշոնը ողջունել է Ֆրանսիայի հայ համայնքի ջանքերը ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ֆրանսիայի հայ համայնքը, որը մեծապես ցեղասպանության արդյունքում է առաջացել Ֆրանսիայի ժողովուրդների խճանկարի կարևոր մասն է կազմում: Ի թիվս այլ համայնքների չի կարելի մոռանալ հայկական ծագմամբ բազմաթիվ ֆրանսիացիների ներդրումը գեղարվեստի, գիտության,
սպորտի ու քաղաքականության մեջ: Կցանկանայի այս առումով հիշել Հայաստանի զավակներից մեկին, ով դարձավ մեծ ֆրանսիացի հայրենասեր, և ով մասնավորապես մոտ է իմ սրտին, այս պահին մտածում եմ բանաստեղծ ու դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի մասին: Միսաք Մանուշյանը մեր Ֆրանսիան է՝ դիմադրող, խելացի, համարձակ»,-նշել է Մելանշոնը:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող ԺանԼյուկ Մելանշոնը։