Թուրքիայում ձերբակալվել է հանրաքվեի արդյունքները վիճարկող խմբագիրը
Թուրքիայի ընդդիմադիր sendika.org լրատվական կայքի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանը, ով հայտարարել է սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անօրինական համարելու մասին, ապրիլի 20-ի առավոտյան ձերբակալվել է:
Այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվական գործակալությունը: Ոստիկանությունը խմբագրին մեղադրել է ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անօրինական հայտարարելու, սոցիալական մեդիայի միջոցով ցույցեր կազմակերպելու, ժողովրդին ատելության ու թշնամության դրդելու մեջ:
Առգրավվել են Դեմիրհանի համակարգիչն ու հեռախոսը: Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»՝ 48,59 տոկոսը:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:
Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին: