«Բացառվում է, որ վարակված սերմանյութ կամ տնկանյութ մտնի Հայաստան». Արթուր Նիկոյան
ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը վստահեցնում է՝ Հայաստան ներմուծվող սերմանյութն ու տնկանյութն անցնում են պատշաճ ստուգումներ, և բացառվում է, որ վարակված խմբաքանակ մտնի Հայաստան։
«Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդը մեր երկրում շատ վաղուց կա, նաև՝ Ռուսաստանում ու Բելառուսում դա կա։ Կոլորադյան բզեզը նույնպես կա, բայց այսօր դրա դեմ պայքարի այնքան հաջողված մեթոդներ կան, որ այն կորցրել է իր կարանտին նշանակությունը։ Ինչ վերաբերում է՝ եթե մի երկրում տվյալ վարակը կա, դա չի նշանակում, որ պետք է վարակված բեռ գա։ Հայաստան ներմուծվող սերմացուի ցանկացած խմբաքանակ զննվում է, նմուշառում է արվում, տրվում է լաբորատոր փորձաքննության բոլոր սեկտորներով, այսինքն՝ և՛ բուսաախտաբանական, և՛ միջատաբանական, և՛ մոլախոտաբանական, և՛ մյուս բոլոր փորձաքննություններն իրականացվում են, նոր դրանից հետո թույլատրվում է, որ տվյալ ապրանքը ներմուծվի Հայաստան»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա։
Հիշեցնենք, որ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե Ռուսաստանից կարտոֆիլի սերմացու ներկրվի, մեր կարտոֆիլագործությունը կփակվի. «Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ կարանտին հիվանդությունը մեզ մոտ եկել է Ռուսաստանից, կոլորադյան բզեզը մեզ մոտ եկել է Բելառուսից: Բելառուսի հողերը լուրջ վարակված հողեր են, այդ հողերում աճեցնում են հոլանդական կարտոֆիլ ու փորձում այդ սերմացուն վաճառել՝ գովազդելով համացանցում»:
Ա. Նիկոյանը նկատեց՝ մենք էլ մեր երկրում շատ վնասակար օրգանիզմներ ունենք տարածված, այդ թվում նաև՝ կարանտին, բայց, նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ, եթե մեր երկրից ապրանք է արտահանվում, անպայման պետք է վարակված լինի. «Դրա համար արտահանման ժամանակ կա բուսասանիտարական հսկողություն, լաբորատոր փորձաքննություն։ Մանավանդ սերմի հարցում, ներմուծման փուլում, մենք շատ խիստ ենք վերահսկում, և բացառվում է, որ վարակված բեռ գա»։
Միևնույն ժամանակ, նա չի բացառում, որ հնարավոր է՝ զարտուղի ճանապարհներով ներմուծումների դեպքեր լինեն, ինչը, սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ արդեն այլ հարց է.
«Եթե մի մարդ զարտուղի ճանապարհով է բերում, մեր հսկողությունը չի կարող լինել, մենք, բնականաբար, տեղյակ չենք լինում դրա մասին. դա այլ հարց է, ու ոչ ոք չի բացառում։ Բայց այն, ինչ գալիս է մեր երկիր մեր հսկողությամբ, բացառվում է, որ վարակված լինի։ Մանավանդ, սերմանյութն ու տնկանյութը ոչ միայն զննման ենթակա են, այլև՝ լաբորատոր փորձաքննության, ու դա 100 տոկոսով արվում է։ Օրինակ՝ պտուղ-բանջարեղենի դեպքում՝ ընտրանքային կարգով է դա արվում, այնտեղ ռիսկերի կառավարման համակարգ կա, որով նայում են, թե արդյո՞ք դա լաբորատոր քննության ենթակա է, եթե ոչ, զննման արդյունքում է որոշում կայացվում՝ լաբորատորիա ուղարկե՞լ, թե՞ ոչ։ Իսկ սերմանյութն ու տնկանյութը 100 տոկոսով լաբորատոր փորձաքննության է ենթարկվում, ու նորից եմ կրկնում ՝ բացառվում է, որ վարակված բան գա Հայաստան»։
Ինչ վերաբերում է Թուրքիայից ներմուծվող սերմացուների խնդրին, ապա բուսասանիտարիայի տեսչության պետը նշում է, որ այս տարի Թուրքիայից ներմուծվել է ընդամենը 20 կգ սոխի սերմ և մոտ 570 հազար հատ լոլիկի սածիլ.
«Սա մի խմբաքանակ է եղել, ներմուծել է մեկ կազմակերպություն՝ իր ջերմոցային տնտեսության համար։ Դրանք նույնպես պարտադիր լաբորատոր փորձաքննություն են անցել, և որևէ խախտում չի հայտնաբերվել։ Իսկ նախորդ տարի Թուրքիայից ներմուծվել է 26 կգ վարունգի սերմ, 20 կգ սոխի սերմ և 5 տոննա եգիպտացորենի սերմ։ Այսինքն՝ սրանք լուրջ արտադրական նպատակ չեն հետապնդում, քանի որ քանակները շատ քիչ են։ Մարդիկ բերել են՝ փորձելու նպատակով, բայց այս դեպքերում էլ պարտադիր լաբորատոր ստուգում եղել է»։
Նրա խոսքով՝ շատ ժամանակ որոշ տնտեսվարողներ դժգոհում են, որ ամեն անգամ նույն արտադրող կազմակերպությունից սերմանյութ ու տնկանյութ են ներմուծում, իսկ իրենց տեսչությունն ամեն անգամ լաբորատոր փորձաքննություն է անցկացնում.
«Դրա արդարացի պատասխանն այն է, որ սերմանյութում ու տնկանյութում եղած հնարավոր վարակն ավելի շուտ կտարածվի, քան պարենային, բուսական ապրանքների։Միգուցե որոշ ներմուծողների մի փոքր դժվարություն ենք պատճառում, քանի որ 1-2 օր է տևում լաբորատոր փորձաքննությունը, իսկ այդ ընթացքում իրենց մեքենաները մնում են մաքսային պահեստներում, իրենք որոշակի գումար են վճարում փորձաքննության համար, ինչը նրանց համար ինչ-որ տեղ լրացուցիչ բեռ է, բայց դա երկրի բուսասանիտարական անվտանգության ապահովման երաշխիքն է։ Նույն Բերբերյանը շատ լավ գիտի, որ իրենց հ/կ-ի անդամների դաշտերը ցանելու համար ներմուծվող կարտոֆիլը պարտադիր լաբորատոր փորձաքննություն է անցնում»։