«Եթե Ռուսաստանից կարտոֆիլի սերմացու ներկրվի՝ մեր կարտոֆիլագործությունը կփակվի». Հրաչ Բերբերյան
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալով Թուրքիայից և այլ երկրներից անորակ ու չփորձված սերմացուների ներկրման խնդրին՝ ասաց, որ պետք է խիստ վերահսկողություն լինի.
«Մենք ունենք լուրջ գործընկեր երկրներ, որտեղ սերմարտադրությունն ամենաբարձր մակարդակի վրա է, և պետք է նրանցից ներկրել: Դրանք այն պետություններն են, որոնք ունեն միջպետական պայմանագրեր Հայաստանի հետ, և որտեղի փաստաթղթերը հիմք կարող են լինել Հայաստանի մաքսատանը: Օրինակ, Հնդկաստանի կամ Թուրքիայի հետ այդ պայմանագրերը չունենք, և այնտեղից ներկրվող սերմացուն պետք է խստագույնս ստուգվի: Նույնիսկ ինֆորմացիա ունենք, որ Թուրքիայից կահույքի հետ սերմ է ներկրվել: Հավատացեք՝ նրանք ամեն ինչ կանեն, որ մեր հողերը վարակեն, որ այստեղ որևէ բույս չաճի, և մենք դառնանք ինչ-որ «կույր աղիք» այս տարածքում, որը որևէ արտադրություն չունի»:
Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ վերջերս Ռուսաստանից էլ էին կարտոֆիլի սերմացու առաջարկում, բայց ըստ նրա՝ եթե Ռուսաստանից կարտոֆիլի սերմացու ներկրվի, մեր կարտոֆիլագործությունը կփակվի.
«Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ կարանտին հիվանդությունը մեզ մոտ եկել է Ռուսաստանից, կոլորադյան բզեզը մեզ մոտ եկել է Բելառուսից: Բելառուսի հողերը լուրջ վարակված հողեր են, այդ հողերում աճեցնում են հոլանդական կարտոֆիլ ու փորձում այդ սերմացուն վաճառել՝ գովազդելով համացանցում»:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանն այս խնդրի առնչությամբ ասել էր .
«Թուրքիայից էժան, անորակ, չփորձված սերմացու է ներմուծվում, որը վարակում է հայկական հողերը»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: