Թիլերսոնն Իրանին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ
Իրանի սադրիչ գործողություններն սպառնում են ԱՄՆ-ին, տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում: Նա պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների եւ այնպիսի երկրներում ԱՄՆ-ի շահերի խափանման համար, ինչպիսիք են Սիրիան, Եմենը եւ Լիբանանը, ինչպես նաեւ Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ «Իրանն ունի նույն այն ճանապարհն անցնելու ներուժը, ինչ եւ Հյուսիսային Կորեան, եւ աշխարհն ստիպված կլինի գործ ունենալ դրա հետ»:
«ԱՄՆ-ը կցանկանար խուսափել այն իրադրությունից, երբ երկրորդ անգամ հարկ կլինի համոզվել, որ ռազմավարական համբերությունն անհաջող մոտեցում է»,- նշել է Թիլերսոնը:
Նրա խոսքով՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը թույլ չի տալիս հասնել նպատակին՝ միջուկազերծ Իրանին: Նա համոզված է, որ Իրանը, չնայած այդ ծրագրին, առաջվա պես ունի հնարավորություն դառնալու միջուկային պետություն:
Պետքարտուղարի խոսքով՝ այդ գործարքն «արտացոլում է անհաջող մոտեցումն անցյալում»: Նա նաեւ նշել է, որ միջուկային գործարքն անտեսում է «մյուս սպառնալիքները, որոնց աղբյուրը Իրանն է»,
Թիլերսոնի՝ ապրիլի 18-ին տարածված հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին՝ կատարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստուգում, որը կպարզի թե արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր Է Իրանի հետ կապված պատժամիջոցների կաս եցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին համապատասխան»,- նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: