
ՌԴ-ն և Թուրքիան ցանկանում են վերացնել պատժամիջոցները. հայ արտադրողները շոշափելի կորուստներ կկրեն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի եւ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի միջեւ, որոնք վերաբերվում են Թուրքիայի դեմ Ռուսաստանի հայտարարած պատժամիջոցների վերացմանը:
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրություններում, կողմերը պայմանավորվել են առավելագույնս կարճ ժամկետներում վերացնել պատժամիջոցները: Սա ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Խնդիրն այն է, որ այդ պատժամիջոցների շնորհիվ մեր արտադրողները որոշակիորեն ավելացրել էին արտահանումները դեպի Ռուսաստան:
Խոսքը մասնավորապես բանջարեղենի եւ թեթեւ արդյունաբերության արտադրանքի մասին է: Թուրքական որոշ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան եւ հայկականի անվան տակ վերաարտահանվում Ռուսաստան, ինչը եւս դրական ազդեցություն էր թողնում մեր տնտեսության վրա: Եթե ռուս-թուրքական բանակցությունները հաջող ավարտվեն, եւ պատժամիջոցները վերացվեն, հայ արտադրողներն ու վերաարտահանողները շոշափելի կորուստներ կկրեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: