«Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարումը ոչ մի կապ չունի «Սյունիք» ազատ տնտեսական գոտու հետ». փոխնախարար

Այս տարվա մարտի 30-ին կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին:

«Մենք պատրաստ ենք պայմաններ տրամադրել տվյալ երկրների տնտեսվարողներին, որոնք շահագրգռված են համագործակցելու իրանական կողմի հետ»,- ասել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարելով Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Վրաստանի գործընկերներին ուղարկել հարթակի պատրաստ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը: Նաև հայտարարվեց, որ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչև այս տարվա հոկտեմբեր։

Սակայն այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ «մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից» մի քանի պատճառներով՝ տնտեսական նպատակահարմարության բացակայություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունների սրացում, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացի դանդաղում, և այլն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը 168.amի հետ զրույցում հայտարարեց, որ ազատ տնտեսական գոտու հետ կապված որևէ խոչընդոտ չկա, և կառավարությունը չի մտափոխվել։ Նա հավաստիացրեց, որ արդեն իսկ կառավարության որոշմամբ կազմակերպչի հավանություն ստացած ընկերության հետ առաջիկայում կստորագրեն պայմանագիր, որով նախատեսվում է աշնանը գործարկել ազատ առևտրի գոտին։ Ժամկետը ևս անփոփոխ է՝ մինչև հոկտեմբեր ԱՏԳ-ն կգործի։ Փոխնախարարը բացառեց նաև տարածաշրջանում տարբեր երկրների հարաբերությունների սրացման հետևանքով որևէ խոչընդոտների առաջացում։

«Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարումը ոչ մի կապ չունի, ունենք ծրագիր, պլաններ, և դրանք շարունակվում են։ Ինձ թվում է՝ այդպիսի վտանգներ չկան»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվելիք փաստաթղթին՝ Հ. Ազիզյանը նշեց, որ հերթական բանակցությունները եղել են ապրիլի 11-12-ին Բիշքեկում.

«Գործընթացը բանակցային փուլում է գտնվում։ Համաձայնագիրը պետք է հիմնված լինի փոխշահավետ սկզբունքի վրա, և բանակցություններն այդ սկզբունքով շարունակվում են։ Բոլոր երկրները հետաքրքրված են 2 հիմնական խնդրով՝ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը չվնասի ներքին արտադրողին և խթանի երկկողմ առևտրաշրջանառության ավելացմանը։ Այդ 2 սկզբունքների հիման վրա աշխատանքները շարունակվում են և բավականին ինտենսիվ փուլում են գտնվում։ Հույս ունենք, որ տեսանելի ապագայում մենք կկնքենք համաձայնագիրը։ Եվ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում։

Փաստաթղթի ստորագրման հետաձգման համար որևէ պատճառ չկա, ընդամենը բանակցային գործընթաց է։ Խնդիրն է՝ ունենալ լավ փաստաթուղթ։ Ժամանակը կարևոր է այն տեսանկյունից, որ ինչքան հնարավոր է՝ արագ ստորագրվի, բայց ամենակարևորը փաստաթղթի բովանդակությունն է, որ երկու կողմերն էլ ցանկանում են ունենալ փաստաթուղթ, որը և՛ հավասարակշռված կլինի, և՛ կբավարարի երկրների հիմնական խնդիրներին, այսինքն՝ երկու կողմերի միջև առևտրաշրջանառության ավելացմանը»։

Տեսանյութեր

Լրահոս