«ՀՀԿ-ի միջին ու երիտասարդ գվարդիայի դերն ավելացել է». Քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ ընտրություններից հետո ամենալուրջ քաղաքական պայքարը տեղի է ունենում ՀՀԿ-ի տարբեր թևերի միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ նոր կառավարության, նոր խորհրդարանի ձևավորման արդյունքում՝ առաջին դեմքերի մակարդակով, լուրջ փոփոխություններ չենք ունենա, բայց միջինից բարձր օղակներում կունենանք որոշակի փոփոխություններ:

«ՀՀԿ-ի միջին ու երիտասարդ գվարդիայի դերն ավելացել է, և երկրի ու ՀՀԿ-ի ղեկավարն այս նշանակումներով պատրաստվում է ստեղծել մի դաշտ, որի հեռանկարները մենք կունենանք 2018 թվականի ապրիլին»,- նշեց քաղաքագետը:

Ս. Մինասյանի խոսքով՝ ավագանու ընտրություններում «Ելքը» կփորձի տեսանելի լինել, ինչպես ԱԺ ընտրություններում. «Խորհրդարանական ընտրություններում մենք տեսանք, որ «Ելքը» հատկապես տպավորիչ հաջողությունների հասավ հենց մայրաքաղաքում, կարծում եմ, որ այս անգամ էլ նա կփորձի տեսանելի լինել՝ հաշվի առնելով նաև էլեկտորատը՝ մայրաքաղաքի ուսանողությունը, Երևանի փոքր կենտրոնի էլեկտորատը»:

Ս. Մինասյանը, սակայն, նկատեց, որ մեկ այլ առանձնահատկություն էլ կա, որը կարող է բացասական անդրադառնալ «Ելքի» արդյունքների վրա. «Հասկանալի է, որ համապետական ընտրությունները միշտ ավելի քաղաքականացված են, և այդ քաղաքական բնույթը հնարավորություն էր տալիս «Ելքին» ձայներ հավաքել, ավագանու ընտրությունները, ինչքան էլ զգալի լինեն մայրաքաղաքի բնակչության համար, բայց այդքան էլ քաղաքականացված չեն, և այստեղ ադմինիստրատիվ այն լծակները, որոնց առումով ՀՀԿ-ն ուներ հատուկ արտոնություններ, ավելի տեսանելի են դառնում»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարից հրաժարվելու մասին խոսակցություններին՝ Ս. Մինասյանը նշեց, որ դա իր համար տարօրինակ է, որովհետև Հայաստանն էր Եվրասիական միության շրջանակներում գլխավոր լոբբիստներից մեկը, որ Իրանը ստանար ակնհայտ կարգավիճակ այդ կազմակերպության շրջանակներում: Նա նկատեց, որ միգուցե կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է որակապես նոր հարաբերությունների ստեղծման մասին, որոնք իրենց մեջ կներառեն այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն հանդիսանում է Եվրասիական միության երկիր, ինչպես նաև այն հանգամանքը, որ Իրանը պատրաստվում է դառնալ դիտորդ երկիր:

Տեսանյութեր

Լրահոս