Բաժիններ՝

Կյանքի պայքար

«Մտածել եմ՝ մեծ համերգ դնել ու ամբողջ հասույթը բարեգործությանն ուղղել»
Գյումրիում Խորենին գրեթե բոլորն են ճանաչում. Գյումրու մանկատան բոլոր միջոցառումներին Խորենը պարտադիր մասնակցում էր: Այս մասին գրում է asparez.am-ը։

Երգի ու երաժշտության հանդեպ մեծ սեր մանկության տարիներից է ունեցել: 6 տարեկանից է սկսել երգել: Հասարակության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող տղան հիմնականում գրավեց «Բարի արագիլ», «Ավե Մարիա» («Ցնծա, Մարիամ») եւ այլ կատարումներով:

Այսօր 25-ամյա երիտասարդն ապրում է Լեհաստանի ամենահին քաղաքներից մեկում՝ Կրակովում: Հայաստանից հեռացել է նախորդ տարվա սեպտեմբերին:

2016-ի ամռանը թոքաբորբով հիվանդանում է, որոշ ժամանակ բուժվում Գյումրիում, ապա շտապօգնության մեքենայով նրան հասցնում են Երեւան: Մայրաքաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 3 օր մնալուց հետո Խորենը դուրս է գրվում, 3 ամիս անց՝ հեռանում երկրից:

«Երեւանում 3 օր պահեցին վերակենդանացումն ու ասեցին՝ դու լավ ես, հետո դուրս գրեցին: Բայց հետագայում ավելի վատ էի: Լեհաստանում արդեն ապահովագրված եմ ու ամիսը մեկ ստուգման են կանչում, հսկողության տակ եմ, դեղեր եմ խմում: Հնար չկար, հազիվ էս մե լավ շանսն է եղել, որ եկել եմ ստեղ, թե չէ ես ընտեղ չէի ձգե»,-ասում է Խորենը:
Հրավիրող կողմը Խորենին Լեհաստանում ապահովել է բնակարանով, հոգում է ծախսերը, վճարում ուսման վարձը:

Խորենը Լեհաստանում սովորում է լրագրություն, քննություններին է պատրաստվում, խոստովանում է՝ դժվար է սովորելը, ուսուցումը լեհերեն է:
-Ինձ համար կարեւորը երգելն է, ուղղակի սա կողքից մասնագիտություն է, հետագայում կարող է պետք գա, աշխատանք լինի: Ինձ Հայաստանում ոչ մի բան չի պահում, ծնողներ չունեմ, աշխատանք չունեմ: Խնդրում եմ ասեք, թե 13-16 հազար դրամ թոշակով ես ինչպես ապրեմ: Հայաստանում ում դիմեմ՝ ինձ գործի չի ընդունի կամ մասնագիտություն պիտի ունենամ, կամ էլ հաշմանդամ չպտի էղնիմ, որ գոնե ընդունեն,-ասում է:


Խորեն Սիմոնյանը 1992 թվականի փետրվարից ապրել է Գյումրու «Երեխաների տուն» պետական մանկատանը, սովորել է Գյումրու թիվ 30 դպրոցում: Ֆ.Նանսենի անվան Գյումրու գիշերօթիկ տեղափոխվելուց հետո Խորենը ուսումը շարունակեց քաղաքի թիվ 4 դպրոցում, ավարտել է Գյումրու Կարա Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը: 2012 թվականին՝ որպես մանկատան շրջանավարտ, պետության եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ մեկսենյականոց բնակարան ստացավ Մարալիկում, սակայն ապրում էր մանկատանը, գիշերօթիկի աշխատողների, ընկերների տանը: Հաշմանդամության թոշակը չէր բավարարում մենակ ապրել:

«13-16 հազար թոշակ կուտան, կսեն՝ տղա ջան, գնա ապրի. լույսն է թանկ, գազն է թանկ, պարենային ապրանքներն են թանկ, որ խորանամ ամեն ինչն էլ թանկ է, ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, չեմ կրնա 13 հազար թոշակով ապրիմ: Աշխատողներին խնդրեցի, իրենց տներն եմ մնացել, Մարալիկ ընկերներիս տները մնացի: Իմ տունը որ մնայի՝ կսառեի, ընկերներիս տունը քիչմ տաք էր»,-ասում է:
Ընկերների, գիշերօթիկի եւ մանկատան տնօրենների հետ Խորենը շարունակում է շփվել, ասում է՝ գրում են, զանգում, խոսում: Խորենը խոստովանում է՝ կարոտում է, բայց շատ բան ֆինանսից է կախված:

-Եթե Հայաստան գամ, ուրեմն զբոսնելու նպատակով,-խոստանում է ու միակ նպատակի մասին խոսում. «Մտածել եմ՝ մեծ համերգ դնել ու ամբողջ հասույթը բարեգործությանն ուղղել»:

https://www.youtube.com/watch?v=I29aU49gX8w

 

Անի Մկրտչյան

Լուսանկարները՝ Խորեն Սիմոնյանի

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս