Ով է ավելի քիչ շինարարություն արել Հայաստանում
Ինչպես արդեն նշել ենք, 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում իրականացված շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13,8%-ով և կազմել 17,1 մլրդ դրամ։
Ուշագրավն այն է, որ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությունն այս ընթացքում աճել է 2,8%-ով և կազմել 3,5 մլրդ դրամ։ Կազմակերպություններն ավելի մեծ չափով՝ 45,7%-ով են ավելացրել շինարարությունը՝ հասցնելով մոտ 9,3 մլրդ դրամի։
Շինարարության ոլորտի անկումը պայմանավորված է հիմնականում պետական բյուջեի և միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության կրճատմամբ։
Այսպես, պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը նվազել է 19,5%-ով և կազմել 1,8 մլրդ դրամ, իսկ միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 66%-ով և կազմել 2,5 մլրդ դրամ։
Համայնքային բյուջեների և մարդասիրական օգնության հաշվին իրականացված շինարարության ծավալներն ավելի շատ են կրճատվել՝ 13-14 անգամ, սակայն ընդհանուր ցուցանիշի անկման հարցում մեծ դեր չեն խաղացել, քանի որ նրանց տեսակարար կշիռները չեն գերազանցում Հայաստանում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 0,1%-ը։