Լավրովը և Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով: Դրա արդյունքները Լավրովը եւ Թիլսերսոնը կամփոփեն մամուլի ասուլիսում: Հանդիպման տեւողությունը որոշված չէ, բայց Մոսկվայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները սովորաբար տեւում են մի քանի ժամ եւ հաճախ ավարտվում արդեն գիշերը:
Լավրովն իր ներածական խոսքում հայտարարել է, թե Մոսկվան կարեւոր է համարում, որ Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը չկրկնվի: «Ռուսաստանի ղեկավարությունն արդեն սկզբունքային գնահատականներ է հայտնել այդ կապակցությամբ: Սկզբունքորեն կարեւոր ենք համարում ապագայում նմանօրինակ ակցիաների կրկնվելու ռիսկեր թույլ չտալը»,-ընդգծել է Լավրովը: Մոսկվան հույս ունի պարզել ԱՄՆ-ի հետ երկխոսության հեռնկարները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարում, հայտարարել է Լավրովը:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Թիլսերսոնը Լավրովի հետ անկեղծ երկխոսության հույսէ հայտնել:
«Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի բաց ու անկեղծ երկխոսությանը, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչ անել մեր երկրների փոխհարաբերությունները դրական ուղղությամբ տանելու համար»,-ասել է նա: