Բաժիններ՝

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաջարկությունները՝ կառավարությանը. ԻՏՁՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) վարչության անունից հայտարարությամբ է հանդես եկել ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Հայտարարությունը վերաբերում է  Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ընթացքում չարաշահումներին և հակապետական գործընթացներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԻՏՁՄ-ն  տասնամյակում բազմիցս ահազանգել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ժամանակ հայկական ընկերություններին այդ գործընթացներից հեռու պահելու արատավոր պրակտիկայի մասին: Ըստ ԻՏՁՄ ներկայացուցիչների՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական ընկերությունների մասնակցությունը, ինչի  հետևանքով պատվերներն ուղղորդվում են դեպի օտարերկրյա ընկերություններ: Հայտարարության մեջ շեշտվում է այն հանգամանքը, որ  հայկական ընկերությունները նմանատիպ պատվերներ իրականացնում են այլ, հիմնականում՝ զարգացած երկրների համար, և որակով որևէ կերպ չեն զիջում, այլ նույնիսկ հաճախակի գերազանցում են այն լուծումները, որոնք մեզ փորձում են հրամցնել օտարերկրյա ընկերությունները:

«Հեռու պահելով հայկական ընկերություններին՝ օտարերկրյա ընկերություններին արհեստական հաղթանակ են ապահովում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն և նրանց վերադաս պետական մարմինները»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ նման քայլերի պատճառով  պետությունը տասնապատիկ ավելի գնով լուծումներ է ձեռք բերում օտարերկրյա ընկերություններից, պարբերաբար դադարում է այդ լուծումների հետագա սպասարկումը, որը անհրաժեշտություն է ստեղծում նոր միջազգային մրցույթների հայտարարմանը, ինչի արդյունքում հարված է հասցվում ինչպես՝ պետությանը, այնպես էլ՝ տեղական ընկերությունների զարգացմանը, որոնք լուծումներն իրականացնելու դեպքում ձեռք կբերեին դրանք միջազգային շուկաներում վաճառելու հնարավորություն:

Կարդացեք նաև

«Այս ամենին գումարվում է անդառնալի հարվածը երկրի անվտանգությանը, քանի որ էլեկտրոնային կառավարման համակարգերը դառնում են թափանցիկ օտարերկրյա ընկերությունների համար, և դրանք ստանում են հասանելիություն ՀՀ  քաղաքացիների անձնական տվյալներին, ինչպես նաև՝ պետական մարմինների հույժ գաղտնի և կարևոր տվյալներին: Արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերությունները որևէ ձևով չեն կարող վերահսկվել ՀՀ անվտանգության մարմինների կողմից»:

Հայտարարության մեջ բերվում է  «ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով մրցույթի հայտարարում» մրցույթը (ՀՀԷԿԵՆԳ-ՄԵԾՁԲ-N17/2), «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից, որտեղ մասնակցության պայմանների մեջ (մեջբերված է մրցույթի պայմաններից) նշված է՝

2) ֆինանսական միջոցներ.

ա. Մասնակիցը վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով սույն կետի 1-ին ենթակետում նշված համակարգերի մշակման, շահագործման և սպասարկման ծառայությունների կամ նմանատիպ այլ ծառայությունների և աշխատանքների դիմաց պետք է ստացած լինի ֆինանսական հասույթ՝ առնվազն 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:

բ. Մասնակիցն անձամբ կամ մասնակիցների կոնսորցիումը համատեղ նախաորակավորման հայտը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող տարվա՝ 2016 թվականի ընթացքում բանկային հաշիվներում պետք է ունենա միջին հաշվով ազատ շրջանառու միջոցներ առնվազն 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:

Ըստ ԻՏՁՄ ներկայացուցիչների՝ նմանատիպ պայմաններում ՀՀ ընկերությունների մասնակցությունն այս նախագծին հնարավոր չէ։

Հաշվի առնելով նման իրավիճակը՝ ԻՏՁՄ-ն առաջարկով է հանդես եկել և առաջարկել է ՀՀ կառավարությանն իրականացնել մի քանի քայլեր:

Այդ քայլերն են՝

ա. Քննության առարկա դարձնել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի գործունեությունը, քայլեր ձեռնարկել այն առողջացնելու և ՀՀ  շահերին ծառայեցնելու համար,

բ. Անմիջապես դադարեցնել մրցույթի գործընթացը և հնարավորություն ստեղծել հայկական ընկերություններին մասնակցելու դրան,

գ. Միջոցներ ձեռնարկել հետայսու տեղական ՏՀՏ ընկերություններին ՀՀ  էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծմանը մասնակցելու համար,

դ. Ազգային անվտանգության ծառայությանը և Հատուկ քննչական ծառայությանը՝ ընդունել այս հայտարարությունը որպես դիմում հանցագործության մասին,

ե. Հետաքննել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի և նրա վերադաս պետական մարմինների գործունեությունը, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է լրացուցիչ վարկային պարտավորությունների տակ, ունեցել է ֆինանսական կորուստներ, վնաս է հասցվել տեղական ընկերությունների զարգացմանը, ՀՀ  քաղաքացիների անձնական տվյալները և պետական տեղեկատվությունը հասանելի է դարձրել վերահսկողությունից դուրս գտնվող արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերություններին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս