Հնարավոր է՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնի Կարեն Կարապետյանը. Գալուստ Սահակյան
«Մեր խորհրդարանները միշտ էլ նորմալ ու որակյալ են եղել: Մենք նոր կազմավորվող պետություն ենք, ու մեր խորհրդարանների աշխատանքներն էլ աստիճանաբար ավելի պարզ ու շիտակ են դառնում, առավել ևս` այս բոլոր ընտրություններն ու միջադեպերը դա են վկայում: Պատկերացրեք՝ 10 տարի առաջ ինչ դժվար էր բոլոր քաղաքական ուժերի համար խորհրդարան գալ, այնպես որ` գնալով պայմաններն ավելի լավնանում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա չհամաձայնեց, որ նորընտիր խորհրդարանում նոր դեմքերը քիչ են լինելու: Ըստ Գ.Սահակյանի` խորհրդարանի հին կազմից շատ պատգամավորներ` մոտ 30 հոգի չի լինելու:
Գ.Սահակյանը չբացահայտեց` արդյոք ինքը կշարունակի՞ նախագահել նաև նոր խորհրդարանում. «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան: Ես չեմ ընդունում այդ մրցակցությունը, որ կա ժողովրդի մեջ, բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ, նույնիսկ դպրոցական երեխաների մոտ է այդպես, բոլորն ուզում են թագավոր ու նախագահ դառնալ»:
Գ.Սահակյանը ծանոթ չէր սոցիալական ցանցերում շրջանառվող կարծիքին, թե առանց իրեն ԱԺ-ն կկորցնի համն ու հոտը:
«Չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ԱԺ-ն ու մեր պետությունը կանգուն են, հավերժ, այնպես որ` պաշտոն ունենալն այդքան մեծ բան չէ»,- կատակեց Գ.Սահակյանը` նշելով, որ ՀՀԿ-ում դեռևս չի քննարկվել, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը: Նրա խոսքով` երբ բոլորը կստանան մանդատները, արդեն հստակ կլինի, կքննարկվի ու կորոշվի:
Գ.Սահակյանը չբացառեց, որ ԱԺ հաջորդ նախագահը կարող է լինել Կարեն Կարապետյանը. «Բոլորն էլ ինձ համար հավատարիմ մարդիկ են, ովքեր էլ որ լինեն, կարծում եմ՝ հնարավոր կլինի, ինչու չէ` նաև Կարեն Կարապետյանը»: