«Այս իրավիճակից դուրս գալու բանալին ՀՀԿ-ի ձեռքերում է». Վիգեն Խաչատրյան
«ՀՀԿ-ի քարոզարշավը բավականին դրական մթնոլորտ ձևավորեց, թեև չի բացառվում, որ այդ քաղաքական ուժն իսկապես ձգտում է զարգացումների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նրա խոսքով` զարգանում է այն հասարակությունը, որտեղ սեփականությունն ու ձեռնարկատիրությունը պաշտպանված են, մինչդեռ Հայաստանում, նրա դիտարկմամբ` դրանք իշխանությունների ուղիղ ազդեցության տակ են:
«Բժշկական տերմինով ասած՝ այժմ երկրում կայուն ծանր իրավիճակ է: Եթե որոշ ուժեր նախընտրական շրջանում միավորվեին, գուցե ծանր անկայուն իրավիճակում հայտնվեինք: Այսքանով հանդերձ, իրավիճակից դուրս գալու բանալին ՀՀԿ-ի ձեռքերում է: Սակայն կասկածում եմ, որ նախապես խոստացածի պես ՀՀ կառավարությունը կարողանա 10 հազար աշխատատեղ ստեղծել»,- ասաց նա:
Նրա համոզմամբ` հայ հասարակությունը բարոյալքված վիճակում է, ինչը հետևանք է վերին օղակների բարոյազրկման. «Իսկ բարոյազրկված հասարակությունը չի կարող զարգանալ։ Ամեն դեպքում, քաղաքական ախտին չտրվող զանգվածը գնալով մեծանում է: Հասարակության փոփոխման համար պետք է քաղաքական էլիտան փոխվի: Երբ քաղաքական վերնախավն այլասերվում է, դա տարածվում է հասարակության վրա: Մենք այս ընտրություններին նկատեցինք տոտալ բարոյազրկում: Արդեն 25 տարի է՝ այդ վարակը տարածված է: Հիմքում անբարոյականությունն է»:
Բանախոսն անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին և նշեց, որ այն կուսակցությունները, որոնք հրաժարվում են մասնակցել ընտրություններին, ապացուցում են, որ ամենևին էլ քաղաքական ուժ չեն. «Եթե կուսակցությունն իսկապես լուրջ քաղաքական ուժ է, իշխանությանը չի ենթարկվի և հաստատապես կմասնակցի ընտրություններին»։
Նա նաև նշեց, որ ընդդիմության նոր որակն այսօր կրում է «Ելքը». «Այնտեղ է ապագայի հեռանկարը: Նա լուրջ աջակցություն կստանա հասարակության կողմից, և բոլորովին տեղին չէ՝ դաշինքն իշխանական պրոյեկտ որակել»։