
Ամենալացկան նորածիններն ունեցող երկրները՝ ըստ գիտնականների

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ Կանադայում նորածիններն ավելի հաճախ ու ավելի երկար են լաց լինում, քան Դանիայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Գիտնականները համադրել են Դանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների եւ Կանադայի 8700 նորածինների նկատմամբ դիտարկումների արդյունքները: Ուսումնասիրությունը հրապարակված է Journal of Pediatrics հանդեսում:
Հետազոտողները հայտնաբերել են, որ կյանքի առաջին երկու շաբաթվա ընթացքում նորածինը, միջին հաշվով, լաց է լինում օրական մոտավորապես երկու ժամ: Այնուհետեւ լացի տեւողությունն սկսում է աճել եւ մինչեւ վեցերորդ շաբաթն օրական հասնում է երկու ժամ 15 րոպեի: Այս տարիքից երեխաներն ավելի քիչ են լաց լինում: 12-րդ շաբաթում լացը տեւում է միջին հաշվով մեկ ժամ 10 րոպե:
Ուսումնասիրության մեջ նշվում են միջին մեծությունից շեղումներ: Առանձին նորածիններ լաց են լինում օրական 30 րոպեից ոչ ավելի, մյուսներին չի բավականացնում նաեւ հինգ ժամը: Տարբերությունը մեծ մասամբ կախված Է այն երկրից, որտեղ նրանք ծնվել են: Մասնավորապես, Կանադայում է այն նորածինների ամենամեծ բաժինը՝ 34,1 տոկոս, որոնք շաբաթվա մեջ առնվազն երեք օր լաց են լինում երեք ժամից ավելի: Դանիայում նման երեխաների թիվը 5,5 տոկոս է: Այս տվյալները ներկայացված են EurekAlert!-ի կայքում:
Հրապարակումը չի բացատրում, թե ինչու որոշ երկրներում նորածիններն ավելի հաճախ են լաց լինում, քան մյուսներում: Ուորիքի համալսարանի աշխատակից Դիթեր Վոլքերը, որը ղեկավարում էր ուսումնասիրությունը, առաջարկում է ուսումնասիրել այն մշակույթները, որտեղ լացի տեւողությունը փոքր է, եւ պարզել, արդյոք տարբերությունը պայմանավորված է դաստիարակությամբ կամ այլ գործոններով, օրինակ՝ հղիության ընթացքով կամ գենետիկայով: