Մերձմոսկովյան Լենինյան շրջանում սպանություն կատարողը հայ է եղել
Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կրկնակի սպանության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ քննչական գլխավոր վարչության Մերձմոսկովյան Լենինյան շրջանի տարածաշրջանային բաժանմունքի մամուլի ծառայությունը:
«Քննիչները հաստատել են Հայաստանի 35-ամյա քաղաքացու մասնակցությունը սպանությանը: Սպանություն կատարելու շարժառիթը եղել է կողմերի միջեւ ծագած վեճը»,-հայտնել է ծառայության ներկայացուցիչը:
Մերձմոսկովյան Լենինյան շրջանի Ռազվիլկա ավանում ապրիլի 4-ին իրավապահները «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել էին երկու տղամարդու դիեր:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը գրել էր, որ հրազենային վնասվածք ստացած երկու տղամարդկանցից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ծննդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը: Իրավապահների նախնական վարկածի համաձայն ` սպանությունից առաջ տղամարդկանց խոշտանգել են, մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ «Սպանություն», «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով: