Բաժիններ՝

Բեքչյանը պատմել է Աթեշյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ապրիլի 6-­ին պատրիարքարանում տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ հանդիպումից հետո նրան է ներկայացրել պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ իր առաջարկները ներառող փաստաթուղթը: Այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում հայտնել է Բեքչյանը:

«Արամ սրբազանի հետ երկկողմ հանդիպում ունեցանք: Ասաց նույնը, ինչ նախկինում. «Ես մնամ փոխանորդ, դու էլ սահմանադրական հանրաքվեից հետո, երբ կսկսվի պատրիարքի ընտրության գործընթացը, անցիր քո պարտականություններին: Ես էլ որպես «լուսարարապետ» հետ կքաշվեմ, և նման կերպ գործընթացը կշարունակվի»: Նրա ներկայացրած գրությունն ընթերցելուց հետո կկիսվեմ մամուլի հետ»,­-հայտնել է Բեքչյանը: Նա ընդգծել է, որ ապրիլի 8-­ին կարճ ծրագրով գնալու է Մարսել:

«Հայտնեցի, որ այնտեղից վերադառնալուց հետո կրկին կհանդիպեմ նրա հետ և
իմ որոշումը կհայտնեմ: Ապրիլի 12-­ին հետ կվերադառնամ»,­-ասել է Բեքչյանը: Տեղապահը հայտնել է, որ հանդիպումն անց է կացել հանգիստ մթնոլորտում: Նա փորձել է Աթեշյանից տեղեկանալ, թե ինչու են եկեղեցու դռները փակել, երբ ինքն ու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ցանկանում էին պատարագ մատուցել:

Ի պատասխան այս հարցի` պատրիարքական փոխանորդը պատասխանել է, թե իրենք վախեցել են միջադեպ ծագելու հավանականությունից, քանի որ եկեղեցու մոտ շատ մարդիկ էին գալու: «Ինչ էլ որ լինի` նման բան չպետք է լինի: Եկեղեցու դուռը չպետք է կողպվի որևէ մեկի առաջ: Այն էլ այն դեպքում, երբ այդտեղ երկու եպիսկոպոս կա»,­ ընդգծել է Բեքչյանը` նշելով, որ նման քայլերով նա կարող է վատ հեղինակություն վաստակել ժողովրդի շրջանում:

«Պետք է խուսափել նման բաներից»,­-հայտարարել է տեղապահը: Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, թե ապրիլի 5­-ին Սուրբ Փրկիչ հիվանդանոցում պետք է ստորագրվեր արձանագրություն Աթեշյանի և Բեքչյանի միջև, տեղապահը հայտարարել է, որ դրա մասին ինքը որևէ տեղեկություն չի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս