Բաժիններ՝

20-21 տարեկան այս տղաներն ընկան Հայրենիքի սահմանները պաշտպանելիս

Երբ Հայրենիքը հայտնվում է փորձության մեջ, ոտքի են կանգնում ազգի քաջորդիները:
Այսպես է եղել միշտ, այդպես էր նաեւ Արցախյան պատերազմի տարիներին: Հայրենիքը ծանր փորձության մեջ էր, եւ սահմանամերձ տարածքները պաշտպանող կամավորական ջոկատների հետ ներքին գործերի համակարգի աշխատակիցներից շատերը դարձան զինվոր:
1994 թվական, ապրիլ: Ոգու փորձության ժամանակներ էին:

Հաղթանակը մոտ էր, ու եղավ Հայրենիքի նվիրյալների վճռական ոգու, անկոտրում կամքի, խիզախության շնորհիվ: Նաեւ՝ շատերի կյանքի գնով: Նրանք՝ մեր մեծ հաղթական երթի մասնակիցները, հավերժություն դարձան ու պատգամում են՝ «Մեզ բացակա չդնեք»: Ոչ մի սերունդ չի դնելու: Նրանք միշտ ներկա են…

Վաղինակ Ազատյան, Հարություն Աբազյան, Ավետիք Հովհաննիսյան: Հաղթանակը նաեւ այս երիտասարդների կյանքի գնով եղավ: Երեք հայորդիներ, որոնց կարճ, բայց բովանդակալից կենսագրությունը խտացավ հերոսական ժամանակների մեջ, հարստացրեց ներքին գործերի նախարարության պատմության էջերը՝ դառնալով այդ պատմության մասնիկը…

Վաղինակ Ազատյանը ծնվել է Երեւանում, 1973 թվականի հուլիսի 12-ին: Ծնողները Էջմիածնի շրջանի Գայ գյուղից էին, եւ Վաղինակը գյուղ է մեկնում: Սիրում էր բնության հետ առնչվել, օգնել գյուղատնտեսական աշխատանքներում:

Աշխատասեր, պատրաստակամ պատանին նաեւ բազում երազանքներ ուներ, հավանած աղջիկ, ում խոստացել էր՝ բանակից կվերադառնա՝ կգնա հարսնախոսության:
Ժամանակները պատերազմական էին. ներքին զորքերի 1031 զորամաս զորակոչված Վաղինակը գիտեր, որ հարկ եղած դեպքում նաեւ մարտական գործողությունների է մասնակցելու: Վարժանքներ, զենքի հետ վարվելու կանոններ, մարտավարություն. մինչ մարտադաշտ մեկնելն անցավ այս փուլը, իսկ գարնանը նրանց ջոկատը մեկնեց Ֆիզուլի…
Ծանր մարտեր էին, իսկ ապրիլի 25-ին Վաղինակը վերջին կռիվը տվեց…

…Հարություն Աբազյանը ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 15-ին, Նոյեմբերյանում: Պատերազմի արհավիրքն զգաց մինչեւ զորակոչվելը: 1991-ի մայիսի 6-ին ողջ Նոյեմբերյանն էր սգում Ոսկեպարում զոհված համաքաղաքացի ոստիկանների համար, ողջ Նոյեմբերյանն էր տագնապում գերեվարված ոստիկանների համար, որոնց մեծ մասը համաքաղաքացիներ էին, ծանոթ¬բարեկամներ: Սահմանամերձ Նոյեմբերյանի շրջանը թշնամու գնդակոծությունների թիրախ էր: Հարությունն այդ ամենի մեջ էր դեռեւս դպրոցական տարիներից:

Ներքին զորքերի 1032 զորամաս զորակոչվեց 93-ի դեկտեմբերի սկզբին, իսկ 94-ի գարնանը նրանց ջոկատը մեկնեց Ֆիզուլի:

Ապրիլի 15-ն էր: Մարտը ծանր էր, զոհերը՝ շատ: Ու Հարությունն անմահացավ նրանց հետ…
…Ավետիք Հովհաննիսյանը ծնվել է 1974 թ. հոկտեմբերի 25-ին, Գուգարքի շրջանի Ձորագյուղ գյուղում:

Բնության մեջ մեծացած, բնությունից ուժ առած երիտասարդի համար իրենց գյուղից գեղեցիկ վայր չկար: Երազանքներն էլ գեղեցիկ էին, իսկ մասնագիտության ընտրության հարցում տատանվում էր՝ բժի՞շկ, զինվորակա՞ն: Բայց ժամանակներն այլ հրամայական ունեին, եւ Ավետիքը զորակոչվեց ներքին զորքերի 1034 զորամաս:
Վարժանքների ժամանակ մտովի իրեն պատկերացնում էր մարտադաշտում, մտովի ոչնչացնում հակառակորդի տանկերը…
Մարտադաշտ մեկնեց 94-ի գարնանը:

Ջոկատը մարտական գործողությունների էր մասնակցում Հորադիզի մատույցներում: Հակառակորդին հաջողվել էր ներխուժել մի շարք բնակավայրեր, գրավել Հորադիզ ավանը: Պետք էր կասեցնել նրա ժամանակավոր հաջողությունները, ազատագրել տարածքները:
Մարտերում թրծված զինակիցների կողքին մարտնչում էր նաեւ Ավետիք Հովհաննիսյանը:
Ապրիլի 26-ին վերջին մարտը տվեց: Ընկավ քաջի մահով:
.

.. Ներքին զորքերի այն զորամասերում, որտեղ ծառայում էին Ավետիք Հովհաննիսյանը, Վաղինակ Ազատյանն ու Հարություն Աբազյանը, երեկոյան անվանականչին առաջինը նրանց անունն էր կարդացվում:
Նրանք շարքում են…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս