«Այսօրվա դրությամբ մեր քաղաքականությունն առաջին հերթին «Իսլամական պետության» ջախջախումն է». Թիլերսոն
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ սիրիական հակամարտության դադարեցմամբ շահագրգռված բոլոր կողմերը, բացի Ռուսաստանից եւ Սիրիայի կառավարությունից, պետք է ողջունեն Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից հասցված հարվածն ավիաբազային: Համապատասխան հայտարարությամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ապրիլի 6-ին լրագրողների առջեւ հանդես է եկել Ֆլորիդայի նահանգի «Մար ա Լագո» կալվածքում:
«Ես կարծում եմ, որ (Սիրիայի իրադրության կարգավորման գործընթացում ներգրավված) այդ բոլոր կողմերը, բացառությամբ Բաշար Ասադի եւ, հավանաբար, Ռուսաստանի, պետք էողջունեն այս կոնկրետ գործողությունը (հրթիռային հարվածը):
Իսկ ընդհանուր առմամբ Սիրիայի իրադրության նկատմամբ մեր մոտեցումը եւ այսօրվա դրությամբ մեր քաղաքականությունն առաջին հերթին «Իսլամական պետության» ջախջախումն է»,-ասել է Թիլերսոնը՝ պատասխանելով այն հարցին, թե իրականացված հրթիռային հարվածի ինչ դիվանագիտական արձագանք է ինքն սպասում, մասնավորապես, Թուրքիայից, քրդերից եւ Ռուսաստանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: