Ծովային նավերի համար Նորվեգիայում կկառուցեն աշխարհում առաջին թունելը ժայռերի միջով
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են կառուցել աշխարհում առաջին թունելը խոշորաչափ ջրային նավերի համար: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Ինչպես հայտարարել են Նորվեգիայի առափնյա պահպանության վարչությունում (NCA), թունելը ժայռերի միջով կկառուցվի երկրի արեւմուտքում Ստադ թերակղզու ամենանեղ մասում: Կառույցի երկարությունը կկազմի 1,6 կիլոմետր, լայնությունը՝ գրեթե 36 մետր:
Թունելի շնորհիվ մարդատար եւ բեռնատար նավերը կկարողանան խուսափել մոտ գտնվող Ստադխավետ ծովից, որտեղ սաստիկ փոթորիկներ են մոլեգնում տարեկան 45-ից մինչեւ 106 օր: Այս նախագծի համար Նորվեգիայի իշխանությունները կհատկացնեն շուրջ 315 միլիոն դոլար: Ենթադրվում է, որ անցումը կբացեն 2023 թվականին, դրանով կարող են անցնել մինչեւ 16 հազար տոննա քաշով նավեր: