«Ժողովրդի մեծ մասը ստացավ այն, ինչին արժանի է». Անդրե Սիմոնյան
Հարցազրույց «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, երգիչ Անդրե Սիմոնյանի հետ
– Անդրե, ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. գիտեմ, որ Ձեզ համար կարևոր են նման գործընթացները, այս ընթացքում հանդես եկաք սոցիալական հոլովակում՝ կոչ անելով քաղաքացիներին անպայման գնալ քվեարկության։ Ընտրություններն ավարտվեցին, ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները՝ հանրության մասնակցության և արդյունքների առումով։
– Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ 60%-ից ավելի մասնակցություն եղավ ժողովրդի կողմից, նաև ուրախացրեց այն, որ ավելի արդար էին, քան նախկին ընտրությունները։ Կային ավելի ճշգրիտ սարքեր, որոնք այդ ամենը մոնիտորինգ էին անում, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Գիտենք, որ խախտումներ էլ են եղել։ Եթե մարդիկ կան, որ դժգոհ են այս անգամվա արդյունքներից, ապա ժողովուրդը պետք է ավելի շատ մեղադրի ինքն իրեն, որովհետև գիտենք՝ ինչպես են ընտրություններն ընթացել, և ժողովուրդն էլ է մեղավոր, եթե արդյունքներից գոհ չեն։
– Այսինքն՝ այս անգամ ամեն ինչ եղավ մինչև ընտրությունները, խոսվում է հատկապես ընտրակաշառքների բաժանման մասին։
– Այո, պարզ փաստեր կան, որ այդ ամենը եղել է, և ժողովրդի մեծ մասը՝ մոտ 80%-ը, ստացավ այն, ինչին արժանի է։
– Հայաստանում ունենք սոցիալապես անապահով մարդկանց հսկա խավ, որոնց համար 10 հազար դրամ ընտրակաշառքն ավելի կարևոր է, քան իրենց երեխաների ապագան։ Ունենք նաև անկիրթ, փողոցային բարքերի կրող, դաստիարակությունից զուրկ երիտասարդներ, որոնք ակտիվ ներգրավված են ընտրակեղծարարության պրոցեսում։ Ի՞նչ քայլեր կարելի է անել հանրության գիտակցական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչպե՞ս նրանց բացատրել, որ իրենց ձայնը վաճառելով, կեղծիքների մեջ ներգրավվելով՝ կործանում են ոչ միայն իրենց, այլ նաև մի ամբողջ պետություն։
– Ձեր հարցին կարելի է մեկ ժամ պատասխանել, թե ինչ տարբեր քայլեր կան, որոնք կարելի է կիրառել՝ այդ խնդիրները լուծելու համար։ Եթե փորձեմ մեկ նախադասությամբ ասել՝ ժողովուրդը պետք է տեղեկացված լինի։ Այն մարդիկ, որ այդ քայլերին դիմում են, կամ խրախուսում են ուրիշներին՝ գնալ այդ քայլերին, իրենք տեղեկացված չեն, թե ինչ մեծ վնաս են հասցնում երկրի ապագային։
Դա գալիս է դաստիարակությունից, այսինքն՝ մարդու ունակություններն ու գաղափարները բաղկացած են երեք տարբեր բանից. նրա ինտելեկտից, ընտանիքի ներսում ստացած կրթությունից ու դաստիարակությունից, և դպրոցում կամ համալսարանում ստացած կրթությունից։ Այդ երեքի համադրումն է, որ կազմում է մարդու ինտելեկտը, և, ցավոք, Հայաստանում այն մարդիկ, որ զբաղվում են ընտրության կարգը շեղելով, կարծում եմ, որ պետք է ուղղակի դաստիարակչական պրոցես անցնեն և տեղյակ լինեն, թե ինչ են անում։ Խնդիրը հասկանալը լուծման առաջին քայլն է։
– Դպրոցի կրթության մասին խոսեցիք. ընտրություններում ընտրակեղծարարությամբ զբաղվում են նաև դպրոցների ուսուցիչները, տնօրենները. ինչպե՞ս կարող են նրանք սերունդ կրթել։
– Դա ցույց է տալիս, որ այնտեղ սխալ ուսուցիչներ են հայտնվել։ Պարզ է, որ Հայաստանում կրթական համակարգի խնդիրը կա, և հենց այն փաստը, որ տարբեր բաների համար դպրոցներում ու համալսարաններում կաշառքներ են վերցնում, ցույց է տալիս, որ միայն ընտրությունների խնդիրը չէ այստեղ։
– Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է արվեն՝ Ձեր կարծիքով։
– Ես՝ որպես արվեստի մարդ, կարող եմ անել այն, ինչ արեցի, օրինակ՝ սոցիալական գովազդներ նկարահանել, տեղեկացնել մարդկանց, որ, եթե դուք 10-15 հազար դրամով կաշառվում եք, ձեր կյանքի 4-5 տարին վաճառում եք այդ գումարով։ Պարզ մաթեմատիկա է. եթե 15 հազար դրամը բաժանվի 4-5 տարվա օրերի մեջ, ստացվում է, որ իրենց մեկ օրը մի քանի դրամով են վաճառում։ Եթե ցանկանում են վաճառել, դա իրենց գործն է, բայց պետք է տեղեկացված լինեն, թե ինչ քայլի են իրենք գնում։
– Կուսակցությունների քարոզչություններին հայ հայտնիների մասնակցությունը ճի՞շտ եք համարում։ Օրինակ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակով, որտեղ նկարահանվել էին նաև Արթուր Աբրահամն ու Լևոն Արոնյանը, ինչը տարբեր դժգոհությունների առիթ դարձավ։ Գիտեմ, որ նախկինում Ձեզ էլ են նման առաջարկներ արել, բայց մերժել եք։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են Ձեր կոլեգաները համագործակցում այս կամ այն ուժի հետ, ֆինանսի խնդի՞ր ունեն։
– Ինձ թվում է՝ շատ պարզ է. կամ ֆինանսի համար են անում, կամ համաձայն են այն գաղափարների հետ, որոնք թելադրում է այդ կուսակցությունը։ Եվ եթե նրանք համաձայն են այդ գաղափարների հետ, դա, կոպիտ ասած՝ իրենց գործն է, և թող գնան ու այդ ուժի կողքին կանգնեն։ Մեր դեպքում այն ուժերը, որ նախորդ ընտրություններին մեզ առաջարկել էին ընտրարշավներին մասնակցել, իրենց կողքին լինել, այն ուժերն էին, որոնց գաղափարային առումով կողմ չենք եղել, և որևէ ֆինանս մեր միտքը չէր փոխի, որ գնայինք, համերգների մասնակցեինք։
– Սա հանրության մեջ դժգոհություն չի՞ առաջացնում, երբ իր սիրած արտիստն այս կամ այն քաղաքական ուժին է հարում։
– Գիտե՞ք՝ ընդհանրապես աշխարհում ընդունված բան է, որ հայտնի երգիչ-երգչուհիները կանգնում են իրենց ընտրած քաղաքական ուժերի կողքին։ Օրինակ՝ ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ էլ որոշ երգիչ-երգչուհիներ Թրամփի կողքին էին կանգնած, իսկ ավելի շատ երգիչ-երգչուհիներ էլ կանգնած էին Հիլարի Քլինթոնի կողքին։ Ինձ թվում է՝ խնդիրը ոչ թե դրա մեջ է, այլ նրա, որ այդ ամենը գաղափարական հենքի վրա է։ Հասարակ ժողովուրդը չի հասկանում՝ ինչքան գումար փոխանցվեց նրանց, ինչ եղավ, նրանք նայում են, որ իրենց հավանած արվեստի մարդը գնում է դեպի այդ ուժ, և իրենց թվում է, որ իրենք էլ պետք է այդ քայլին դիմեն։
– Ըստ Ձեզ՝ «Ռեինկարնացիա» խումբը գաղափարապես համակրո՞ւմ էր ՀՀԿ-ին՝ հաշվի առնելով նախկինում նրանց գաղափարները, որոնք տարածում էին իրենց երգերով, օրինակ՝ «Երևան» երգով։
– «Փոխենք աշխարհը»՝ որպես երգ, շատ եմ հավանում, և ընդունում եմ երգի բառերը, որ, եթե ուզում ես աշխարհը փոխել, պետք է ինքդ քեզ փոխես։ Շատ հասարակ ու պարզ բառերով շատ ճիշտ բան է Ռոլանդը թելադրում։ Իսկ ինչ վերաբերում է «Ռեինկարնացիայի»՝ ՀՀԿ կողմնակիցը լինելուն, ապա ես չեմ կարծում, որովհետև նույն խումբն է թողարկել «Երևան» երգը։ Բայց չեմ կարող 100%-ով ասել. գուցե իրենց մտքներն են փոխվել, գուցե՝ ուղղությունը, չգիտեմ։ Որպես խումբ՝ նրանց ես շատ եմ գնահատում, իրենց մեկնաբանությունը, իրենց թիմային աշխատանքն ուղղակի գնահատելի է։ Այս քայլին որ դիմել են, ինձ ընդհանրապես դուր չի գալիս, ես էլ մի քիչ հիասթափվեցի, բայց դա չի նշանակում, որ իրենց կողմից սխալ արված քայլ է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում