Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:
Նման որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում: Բացելով նիստը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նախ ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության կապակցությամբ: «Սա հանցագործություն է մարդկության դեմ, որը չունի ոչ մի արդարացում:
Հանձնաժողովի կոլեգիայի և բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին: Ցանկանում եմ աջակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: Նրանց տոկունություն եմ մաղթում, որպեսզի կարողանան հաղթահարել այս ողբերգության հետևանքները», ասել է Տիգրան Սարգսյանը: Նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետները քննարկել են մաքսային և առևտրային քաղաքականության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է հատկացվել երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական համագործակցության թեմային: Նիստի ընթացքում հավանության է արժանացել «20152016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին» զեկույցի նախագիծը, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների քննարկմանը:
Նիստի ընթացքում քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության հարցը, որը Բիշկեքում կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում կքննարկեն նաև ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել է ԵԱՏՄ-ում դիտորդ պետություն դառնալու վերաբերյալ Մոլդովայի նախագահի հայտարարությունը քննարկելու հարցը: