Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության հանրահավաքն արգելվել է

Թուրքիայի Մանիսայի նահանգապետարանն արգելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանրահավաք կազմակերպել նահանգի նույնանուն կենտրոնում: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Որպես մերժելու պատճառ են բերվել Մանիսայում հնարավոր ահաբեկչության մասին նահանգապետարանի ունեցած տվյալները: Միաժամանակ կուսակցությանը հայտնել են, որ եթե նրանք չենթարկվեն կարգադրությանն ու հանրահավաք կազմակերպեն, ապա նահանգապետարանը կմիջամտի դրան:

Թուրքիայում ապրիլի 16-­ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550­-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25­-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս