«Ընտրություններն ավարտված չեն. կխնդրեի բոլորին, հատկապես՝ միջազգային հանրությանը, չշտապել շնորհավորել որևէ կուսակցության». «Քաղաքացի դիտորդի» անդամ
«Ներկայումս ընթանում է տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վարչական ընթացակարգերով բողոքարկումներին ընթացք տալու գործընթացը, ինչից հետո բողոքարկումները գնալու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնուհետև՝ Սահմանադրական դատարան, հետևաբար՝ ընտրություններն ավարտված չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ավարտվել է ընտրությունների օրը, սակայն ընտրական գործընթացներն ավարտված չեն. «Կխնդրեի բոլորին, հատկապես՝ միջազգային հանրությանը, չշտապել շնորհավորել որևէ կուսակցության և սպասել այդ արդյունքներին ևս ու հետևել վարչական ընթացակարգերին ու բողոքարկմանը»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Լևոն Բարսեղյանն էլ ասաց, որ իրենք հայտարարում են, որ չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգը վերականգնելու է հանրային վստահությունն ընտրությունների նկատմամբ, իրենք արձանագրում են, որ դա տեղի չի ունեցել. ««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահոգություններ ու կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»:
Նույն նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ իրենց կողմից դիտարկված 200 տեղամասերից 52 տոկոսում գրանցվել են դեպքեր, երբ տեղի է ունեցել վերահսկվող քվեարկություն. «Այսինքն՝ բացի ընտրողից, այլ անձ նայել է, թե ում է ընտրողը քվեարկում, և սա չի վերաբերում սահմանված կարգով օգնողներին ու սա չի վերաբերում նաև այն դեպքերին, երբ ընտրողն իր հետ ընտրախցիկ է բերել իր երեխային»:
Դ. Իոաննիսյանի խոսքով՝ 30 տոկոս տեղամասերում իրենք նկատել ենք բաց քվեարկություն, երբ ընտրողը քվեարկում է ընտրախցիկներից դուրս. «Մեր դիտորդները նկատել են, որ կան տեղամասեր, որտեղ տեսախցիկների և քվեախցիկի դասավորությունն այնպիսին է, որ կարող է խնդիրներ առաջացնել՝ քվեարկության գաղտնիության հետ կապված: Տեղամասերի 45 տոկոսում տևական ժամանակ գտնվել են մարդիկ՝ առանց վկայականների, ընդ որում, այդ դեպքերի կեսը եղել է մարդկանց հետ, ովքեր իրավունք չունեին գտնվել տեղամասերում: Տեղամասերում բավականին առատ էին կուտակումները»: